Խորացնել հայ-չինական հարաբերությունները. Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վանգ Յիի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i169946-Խորացնել_հայ_չինական_հարաբերությունները._Միրզոյանը_հեռախոսազրույց_է_ունեցել_Վանգ_Յիի_հետ
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարար Վանգ Յիի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2022 13:14 Asia/Tehran
  •  Խորացնել հայ-չինական հարաբերությունները. Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վանգ Յիի հետ

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարար Վանգ Յիի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ նշելով, որ անցած ժամանակաշրջանում զգալի աշխատանք է կատարվել երկկողմ հարաբերությունների կայացման և զարգացման համար՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ուղղություններով: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել վճռականորեն սերտացնել և խորացնել հայ-չինական հարաբերությունները:

Կարևորվել է տնտեսական համագործակցության բնագավառում առկա մեծ ներուժի օգտագործումը, ներդրումների խրախուսումը, ենթակառուցվածքների զարգացումը և լոգիստիկ մարտահրավերների հաղթահարումը: Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի անհրաժեշտությունը:

Ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ, Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր ուղղություններով բանակցությունների նշանակությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը: Երկուստեք կարևորվել է միջազգայնորեն ընդունված առկա բանակցային ձևաչափի կենսունակությունը և խաղաղության գործընթացի առաջմղումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

armeniasputnik.am