Եթե Թուրքիան նախապայմաններ առաջ քաշի, Հայաստանը կդադարի բանակցել. Խաչատրյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i170060-Եթե_Թուրքիան_նախապայմաններ_առաջ_քաշի_Հայաստանը_կդադարի_բանակցել._Խաչատրյան
Եթե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում նախապայմաններ առաջ քաշի, Հայաստանը կդադարեցնի շփումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2022 14:44 Asia/Tehran
  • Եթե Թուրքիան նախապայմաններ առաջ քաշի, Հայաստանը կդադարի բանակցել. Խաչատրյան

Եթե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում նախապայմաններ առաջ քաշի, Հայաստանը կդադարեցնի շփումները։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը` մեկնաբանելով Արցախի ու Ադրբեջանի հարցում թուրքական կողմի դիրքորոշումը։

«Թուրքիան ուղղակի ասում է, որ Հայաստանի հետ իր հարաբերությունները կարգավորելիս հաշվի է նստելու Ադրբեջանի կարծիքի հետ։ Դա իր խնդիրն է, ում հետ ուզում է` հաշվի նստի։ Բայց մենք ասում ենք` առանց նախապայմանների, ինքն ասում է` այո՛, առանց նախապայմանների։ Երբ որ կլինի նախապայման, կդադարեցվեն շփումները»,- ասաց պատգամավորը։

Նա նաև վստահեցրեց, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում նույնպես Արցախի հարցը չի քննարկվում։

«Նրանք քննարկում են ոչ թե նախապայմաններ, նրանք քննարկում են` ինչպես ձևավորել աշխատանքային խմբեր, որոնք կնախապատրաստեն բանակցություններ։ Բանակցությունները կվերաբերեն հարաբերությունների հաստատմանը, սահմանների բացմանը` առանց նախապայմանների»,- ասաց նա։

Վիգեն Խաչատրյանը նաև նշեց, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբեությունների հաստատումն ու սահմանների բացումը դեռ չի նշանակում, թե Հայաստանը դադարելու է խոսել Ցեղասպանությունից։ Նրա խոսքով` Ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանի դիրքորոշումը անկախության 30 տարիների ընթացքում չի փոխվել։

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն առաջին անգամ հանդիպել են Մոսկվայում` հունվարի 14-ին։ Երկրորդ հանդիպումը եղել է փետրվարի 24-ին` Վիեննայում։

armeniasputnik.am