Ոստիկանությունը հասարակական ակցիաների մասնակիցներին հորդորում է գործել բացառապես օրենքի շրջանակներում
https://parstoday.ir/hy/news/armenia-i171274-Ոստիկանությունը_հասարակական_ակցիաների_մասնակիցներին_հորդորում_է_գործել_բացառապես_օրենքի_շրջանակներում
ՀՀ ոստիկանությունը հայտարարությամբ հորդորում է մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին անցկացվող քաղաքացիական ակցիաների մասնակիցներին գործել բացառապես օրենքի շրջանակներում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2022 15:03 Asia/Tehran
  •  Ոստիկանությունը հասարակական ակցիաների մասնակիցներին հորդորում է գործել բացառապես օրենքի շրջանակներում

ՀՀ ոստիկանությունը հայտարարությամբ հորդորում է մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին անցկացվող քաղաքացիական ակցիաների մասնակիցներին գործել բացառապես օրենքի շրջանակներում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Վերջին օրերին մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին անցկացվող քաղաքացիական ակցիաների շրջանակում, ցավոք, սկսել են հաճախանալ օրինականության խախտման, համակեցության կանոնները չպահպանելու, համաքաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելու դեպքերը: Ավելին, ակցիաների որոշ մասնակիցներ քաշքշուկներ են հրահրում հասարակական կարգն ու հենց իրենց անվտանգությունը ապահովող ոստիկանների հետ, շշեր են նետում նրանց վրա, վնասում ոստիկանական մեքենաները, պոկում ոստիկանության ծառայողի կրծքանշանները և այլն: Արձանագրվում են դեպքեր, երբ երթի մասնակից սակավաթիվ քաղաքացիները միտումնավոր փակում են ողջ փողոցը և հրաժարվում կատարել բանուկ ճանապարհահատվածը բացելու հորդորները, ավելին՝ դիմադրություն են ցույց տալիս մյուս քաղաքացիների տեղաշարժի իրավունքը վերականգնող ոստիկաններին:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ գործողություններն ու նմանատիպ արարքները իրավախախտումներ են և ենթակա համապատասխան իրավական գնահատականի ու հետևանքների: Հասարակական ակցիաների մասնակիցներին հորդորում ենք գործել բացառապես օրենքի շրջանակներում, հարգել համաքաղաքացիների նույնպիսի սահմանադրական իրավունքները, անվերապահորեն կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները:

Կրկնում ենք՝ հասարակության բոլոր անդամներն ունեն նույն սահմանադրական իրավունքները, որոնցից հիմա օգտվում եք դուք, և ոստիկանությունը կոչված է ապահովելու ինչպես ձեր, այնպես էլ նրանց իրավունքները, պահպանելու հասարակական կարգը բոլորի համար և պաշտպանելու յուրաքանչյուրին՝ ցանկացած ոտնձգությունից: Կոչ ենք անում օրինապահության, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և ակնկալում քաղաքացիների աջակցությունը ոստիկանությանը՝ հատկապես այս օրերին հասարակական կարգն ապահովելու գործում»,- նշվում է հայտարարության մեջ:

armenpress.am