«Դիմադրություն» շարժման մասնակիցները շրջափակեցին կառավարության երրորդ մասնաշենքը
«Դիմադրություն» շարժման մասնակիցները շրջափակեցին ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքը։ Շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը, սակայն, հորդորեց ներս չմտնել։
«Շենք չեք մտնում, մուտքը փակում-պահում եք»,–ասաց Սաղաթելյանը։
Նշենք, որ այս շենքում է գտնվում աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի նախարարությունները, ինչպես նաև ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Սաղաթելյանը նշեց, որ շրջափակել են այս շենքը, քանի որ նախարարություններն այլևս չեն սպասարկում քաղաքացիների շահերը։
Նա կոչ արեց նախարարության աշխատակիցներին ճնշումներին չտրվել և միանալ իրենց։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
https://armeniasputnik.am/20220513/dimadrutjun-sharzhman-masnakicnery-shrjapakecin-karavarutjan-errvord-masnashenqy-42017748.html