ԼՂ կարգավորման հարցը քննարկենք Մինսկի խմբի ձևաչափում. Աղաջանյանի առաջարկը ԵԱՀԿ ԽՎ-ին
https://parstoday.ir/hy/news/armenia-i175954-ԼՂ_կարգավորման_հարցը_քննարկենք_Մինսկի_խմբի_ձևաչափում._Աղաջանյանի_առաջարկը_ԵԱՀԿ_ԽՎ_ին
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանն հունիսի 28-ին վարել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պատվիրակությունների ղեկավարների համակարգող առցանց հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2022 09:16 Asia/Tehran
  • ԼՂ կարգավորման հարցը քննարկենք Մինսկի խմբի ձևաչափում. Աղաջանյանի առաջարկը ԵԱՀԿ ԽՎ-ին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանն հունիսի 28-ին վարել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պատվիրակությունների ղեկավարների համակարգող առցանց հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Աղաջանյանը գործընկերներին է ներկայացրել ԱԺ-ի առաջարկություններն ու դիտողություններն այն հարցերի վերաբերյալ, որոնք պետք է քննարկվեն ԵԱՀԿ ԽՎ առաջիկա նստաշրջանում՝ Բիրմինգհեմում: Մասնավորապես, առաջարկություններից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։

«Առաջարկել ենք ԵԱՀԿ ԽՎ քաղաքական և անվտանգության հարցերի ու ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի կոմիտեների բանաձևերի նախագծերը լրացնել կետերով, որտեղ ուշադրություն ենք հրավիրում չլուծված հումանիտար հարցերին։ Դրանք են` բոլոր պահվող հայ անձանց անհապաղ ազատումն ու վերադարձը, ինչպես նաև հայկական մշակութային և եկեղեցական ժառանգության պահպանումը այն տարածքներում, որոնք անցել են ադրբեջանական վերահսկողության տակ»,-ասել է Աղաջանյանը` ընդգծելով ՅՈւՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության իրականացման կարևորությունը:

Նա տեղեկացրել է նաև, որ տարբեր ձևաչափերում մանրամասն քննարկվել են ՀԱՊԿ–ի հարցերը, կատարվել է աշխատանքների վերլուծություն, նախանշվել են հետագա քայլերը: Աղաջանյանի խոսքով` Հայաստանը խորհրդարանական դաշտում հավատարիմ կլինի բարձր նշաձողին, և միացյալ ջանքերով կլրացնեն եղած պայմանավորվածությունները կոնկրետ բովանդակությամբ։ Նա շեշտել է, որ գնահատելով ընթացող գործընթացները՝ անհրաժեշտ է ապահովել ավելի սերտ գործակցություն միջազգային կառույցներում:

Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այս տարի նախագահում է Հայաստանը։

ՀԱՊԿ-ում ընդգրկված են ՀՀ-ն, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:

armeniasputnik.am