Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանն այցելել է Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզեր
(last modified Wed, 13 Jul 2022 12:37:34 GMT )
Հուլիս 13, 2022 17:07 Asia/Tehran
  • Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանն այցելել է Սյունիքի եւ Վայոց Ձորի  մարզեր

Հայաստանում Միացյալ Թագավորության (ՄԹ) դեսպան Ջոն Գալագերը 2022 թ․ հուլիսի 6-8-ն այցելել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր՝ ուսումնասիրելու ՄԹ կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրերի արդյունքները, հանդիպելու տեղական իշխանությունների հետ՝ քննարկելու Հայաստանի սահմանամերձ մարզերին ՄԹ-ի կողմից տրամադրվող աջակցությունը և այն խնդիրներն և մարտահրավերները, որոնց լուծմանը Միացյալ Թագավորությունը կարող է օժանդակել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից, Ջոն Գալագերն այցելել է Գորիս, Կապան, Մեղրի, Վայք և Եղեգնաձոր քաղաքներ ու հարակից գյուղական համայնքներ, հանդիպել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, ինչպես նաև՝ բրիտանական կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շահառուների հետ:

Հանդիպումների ընթացքում դեսպանը քննարկել է Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի սահմանամերձ շրջանների տնտեսական դիմակայունությանն ու վերականգնմանը։

Վայքում դեսպան Գալագերը հանդիպել է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի աշխատակիցների հետ, ովքեր մասնակցել են քոլեջի կողմից տրամադրվող առցանց մասնագիտական կրթության որակի բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթացներին: Այս նախաձեռնությանն աջակցել է Միացյալ Թագավորության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամը (CSSF): Դեսպանը ներկա է գտնվել նաև տեղի երիտասարդների համար իրականացված ստեղծագործական և բիզնես հմտությունների զարգացման դասընթացների մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսին։

Դեսպան Գալագերը նաև հանդիպել է վճարովի աշխատանքային պրակտիկայի մասնակիցների հետ։ Այս նախաձեռնության նպատակն էր վերապատրաստել գործազուրկ անձանց, ներառյալ՝ երիտասարդ կանանց, տեղահանվածներին, վետերաններին և հաշմանդամություն ունեցող անձանց: Ծրագիրը նպաստել է տարածաշրջանի խոցելի խմբերի աշխատունակության բարձրացմանը:

Իր հարավային շրջայցի երկրորդ օրը դեսպան Գալագերն այցելել է Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն»՝ հանդիպելու այն ծնողների և դեռահասների հետ, ովքեր զարգացրել են իրենց հասակակիցներին սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելու հմտությունները: Նա նաև այցելել է Քարահունջի բարեկարգված ամբուլատորիա։

Շրջայցի վերջին օրը դեսպանն այցելել է Մեղրիի սահմանային անցակետ՝ հանդիպելու մաքսային մարմինների ներկայացուցիչների հետ և քննարկելու ՄԹ «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող մաքսային վարչարարության զարգացման ծրագրի արդյունքները: Ծրագիրն աջակցել է սահմանը հատող ապրանքների մաքսազերծման գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված կարողությունների զարգացմանն ու համակարգերի արդիականացմանը։

Իր եռօրյա այցի ընթացքում դեսպան Գալագերը նաև հնարավորություն է ունեցել ուսումնասիրել աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ իրականացված  աշխատանքները՝ Վայքի մանկապարտեզում և Խոտի միջնակարգ դպրոցում տարհանման վարժանքների ցուցադրման, ինչպես նաև «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման միջոցով:

Իր հարավային շրջայցի մասին դեսպանն իր թվիթերյան միկրոբլոգում գոհունակություն է հայտնել տարածաշրջանային այցից և Միացյալ Թագավորության կողմից ֆինանսավորող կարևոր ծրագրերից, որոնցից, իր խոսքով՝  կշահի հայ ժողովուրդը:

«Ես անպայման կվերադառնամ այստեղ», - նշել է նա։

  armenpress.am