ՀՀ ԱԺ փոխնախագահն Աթենքում հանդիպել է Հունաստանի Ազգային պաշտպանության նախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i18250-ՀՀ_ԱԺ_փոխնախագահն_Աթենքում_հանդիպել_է_Հունաստանի_Ազգային_պաշտպանության_նախարարի_հետ
Աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 22-ին հանդիպում է ունեցել Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 23, 2016 08:15 Asia/Tehran
  • ՀՀ ԱԺ փոխնախագահն  Աթենքում հանդիպել է Հունաստանի Ազգային պաշտպանության նախարարի հետ

Աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 22-ին հանդիպում է ունեցել Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ ռազմաքաղաքական համագործակցության ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ: ՀՀ ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել այն, որ ՀՀ զինված ուժերի սպաներին հնարավորություն է ընձեռված վերապատրաստում անցնելու Հունաստանի Հանրապետությունում:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Հունաստանի համար անվտանգությանն առնչվող հարցերը համարվում են առաջնային: Նա ընդգծել է, որ Թուրքիան իրական սպառնալիք է տարածաշրջանի համար:

«Թուրքիան ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այլեւ 23 տարի ապօրինի շրջափակման մեջ է պահում Հայաստանը եւ բռնազավթել է Կիպրոսի մեկ երրորդը»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովը դատապարտել է ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան եւ հավելել, որ Թուրքիան միակ երկիրն էր, որն այդ օրերին բացեիբաց սատարում էր Ադրբեջանին: ՀՀ ԱԺ փոխնախագահը հույն նախարարին տեղեկացրել է հայ զինվորների, ինչպես նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բարբարոսությունների մասին, որոնք, նրա համոզմամբ, իրականացվել են ԴԱԻՇ-ի ձեռագրով:

«Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության խոշտանգումները ռազմական հանցագործության վառ դրսեւորում են»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:

Պանոս Կամենոսն իր հերթին կարեւորել է հայ-հունական եղբայրական հարաբերությունների ամրապնդումն ու սերտացումը: Նա իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ Ազգային ժողովին՝ նախորդ տարվա մարտի 24-ին միաձայն ընդունած Օսմանյան Թուրքիայում հույների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության կապակցությամբ:

Հունաստանի Ազգային պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Նա անընդունելի է համարել հիմնախնդրի ռազմական լուծման ցանկացած փորձ:

Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը պարգեւատրել է Պանոս Կամենոսին հայ-հունական երկկողմ կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Նույն օրն Էդուարդ Շարմազանովը եւ Պանոս Կամենոսն այցելել են Սինտագմա հրապարակ, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին: