Պատմական հիշողությունը չպետք է մեզ կտրի իրականությունից․ ՀՀ նախագահի հարցազրույցը՝ «Manifesto»-ին
https://parstoday.ir/hy/news/armenia-i243268-Պատմական_հիշողությունը_չպետք_է_մեզ_կտրի_իրականությունից_ՀՀ_նախագահի_հարցազրույցը_manifesto_ին
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստան կատարած պետական այցի ընթացքում հարցազրույց է տվել հունական հեղինակավոր «Manifesto» պարբերականին:
(last modified 2026-02-24T14:52:49+00:00 )
Փետրվար 24, 2026 18:22 Asia/Tehran
  • Պատմական հիշողությունը չպետք է մեզ կտրի իրականությունից․ ՀՀ նախագահի հարցազրույցը՝ «Manifesto»-ին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստան կատարած պետական այցի ընթացքում հարցազրույց է տվել հունական հեղինակավոր «Manifesto» պարբերականին:

Նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումներին, տարածաշրջանային զարգացումներին, Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող ջանքերին և այլ թեմաների:

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին՝ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հռչակագրին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ։

«Այն, ինչ տեղի ունեցավ օգոստոսի 8-ին, կարող էր անհավատալի թվալ։ Սակայն դա մեկ օրում տեղի չունեցավ։  Դրան նախորդեց բավականին երկար նախապատրաստական շրջան»,- ասել է ՀՀ նախագահը:

Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը գործնական արդյունք է տվել նաև սահմանային իրավիճակի առումով:

«Անցած տարվա հունվարի 25-ից մինչև օրս սահմանների երկայնքով իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։  Նախկինում գրեթե ամեն օր սահմանային միջադեպեր էին տեղի ունենում», - ասել է Խաչատուրյանը:  

ՀՀ  նախագահն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում հայկական սփյուռքի որոշ հատվածի մտահոգություններին և նշել, որ արտերկրում հայկական համայնքների հետ հանդիպումների ընթացքում ըմբռնում է զգացել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերի նկատմամբ:

 «Նրանց ներկայացրի Հայաստանի տնտեսական և քաղաքական իրավիճակը։  Զգացի, որ կա ըմբռնում մեր կառավարության քաղաքականության և քայլերի նկատմամբ: Ամենակարևորն այն է,  որ մենք չդառնանք պատմական հիշողության գերիներ և չկտրվենք իրականությունից»,- նշել է նախագահը:

Հարցազրույցում ՀՀ  նախագահը ներկայացրել է նաև հայ-հունական հարաբերությունների ներկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները, ընդգծել երկկողմ գործակցության խորացման կարևորությունը։