Իսպանիայի կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանում մշտական ներկայացուցչություն բացելու մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i182636-Իսպանիայի_կառավարությունը_որոշում_է_ընդունել_Հայաստանում_մշտական_ներկայացուցչություն_բացելու_մասին
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2022 13:05 Asia/Tehran
  • Իսպանիայի կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանում մշտական ներկայացուցչություն բացելու մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ազգային ժողովից, Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Մարտինեսին Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հետագա հաջողություններ:

Շնորհավորելով Իսպանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ հայ-իսպանական համագործակցությունը հիմնված է ոչ միայն երկու ժողովուրդների դարավոր կապերի, այլեւ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավունքի գերակայության հիմնարար արժեքների վրա:

Հանդիպմանը զրուցակիցները փաստել են երկկողմ փոխգործակցության ակտիվացման եւ փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարային ուղղությունների սահմանման կարեւորությունը:

ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանում մշտական ներկայացուցչություն բացելու՝ Իսպանիայի կառավարության որոշման կապակցությամբ:

Կողմերն անդրադարձել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիային եւ փխրուն հրադադարին: ՀՀ ԱԺ նախագահը կոչ է արել բոլոր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Իսպանիային, խստորեն եւ ուղիղ դատապարտել ադրբեջանական ռազմական ագրեսիան, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի արգելքի սկզբունքի կոպտագույն խախտումները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իսպանիայի դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի կենդանի եւ դինամիկ ժողովրդավարությունը լավ օրինակ է, ինչն էլ դրվելու է հետագա նախագծերի առանցքում:

https://armenpress.am/arm/news/1093213.html