ՀՀ և Սիրիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի
https://parstoday.ir/hy/news/armenia-i182794-ՀՀ_և_Սիրիայի_ԱԳ_նախարարներն_անդրադարձել_են_տարածաշրջանային_անվտանգության_և_կայունության_հարցերի
ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2022 15:15 Asia/Tehran
  • ՀՀ և Սիրիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի

ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, արտգործնախարարները քննարկել են ավանդական բարեկամական կապերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Սիրիայի հայկական համայնքի դերը Հայաստանի և Սիրիայի միջև հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ չնայած սիրիական ճգնաժամի ընթացքում կրած դժվարություններին, այն շարունակում է յուրահատուկ կամուրջի դեր խաղալ երկու երկրների միջև:

«Արարատ Միրզոյանը և Ֆեյսալ Ալ-Միկդադն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի՝ շեշտելով խնդիրները խաղաղ բանակցությունների ու երկխոսության միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ կարևորելով միջազգային հանրության կողմից գործուն քայլերի և համապատասխան մեխանիզմների միջոցով ագրեսորին զսպելու, ինչպես նաև տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատելու կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

armenpress.am