Վեհափառ Հայրապետն առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ. Մայր Աթոռ
https://parstoday.ir/hy/news/armenia-i183472-Վեհափառ_Հայրապետն_առանձին_քննարկումներ_կունենա_նախագահների_հետ._Մայր_Աթոռ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատում է ՀՀ և ԼՂՀ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձևաչափով արծարծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2022 10:05 Asia/Tehran
  • Վեհափառ Հայրապետն առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատում է ՀՀ և ԼՂՀ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձևաչափով արծարծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը:

«Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ, որոնց արդյունքում կհստակեցվի այս ձևաչափով հանդիպումների շարունակությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը նշել էր, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը:

Հայտարարություն էր տարածել նաև ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ Վեհափառ Հայրապետի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հանդիպման նախաձեռնության վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքում ներկայացված գնահատականների, այդ թվում՝ հանդիպումների արդյունավետության վերաբերյալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը կհրապարակվի հանդիպման մասնակից շահագրգիռ մյուս կողմերի հետ քննարկումների արդյունքում:

armenpress.am