Հացը Հայաստանում թանկացել է 19.4, միրգը` 21 տոկոսով. վերջին 1 տարվա վիճակագրությունը
2021թ–ի սպտեմբերի համեմատ 2022թ–ի սեպտեմբերի դրությամբ Հայաստանում 9.9 տոկոսանոց գնաճ է գրանցվել։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով` սննդամթերքն ու ըմպելիքն Հայաստանում 1 տարվա ընթացքում թանկացել են 13.7 տոկոսով։
Ընդ որում` հացաբուլկեղենն ու ձավարեղենը թանկացել են 19.4 տոկոսով, միսը` 11.9, ձկնեղենը` 5.4, կաթնամթերքն ու ձուն` 12, յուղերն ու ճարպերը` 7.5, շաքարը` 7։
Մրգի գինն անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ բարձրացել է 21 տոկոսով, բանջարեղենինը` 4.3։
Սուրճն ու թեյը թանկացել են 12.4 տոկոսով, հանքային ջուրը` 9.6, իսկ ծխախոտը` 8.7 տոկոսով։
Հագուստի ու կոշիկի գները 1 տարում բարձրացել են 10 տոկոսով։
Ծառայություններից ամենաշատը թանկացել են հանգստի ու մշակութային միջոցառումների գները (2021թ–ի սեպտեմբերի համեմատ` 15.5 տոկոսով)։ Կոմունալ ծառայությունների գներն ավելացել են 7.6 տոկոսով, կենցաղային ապրանքների, տեխնիկայի գները, բնակարանների խնամքի ծառայությունները թանկացել են 10.3 տոկոսով, ռեստորաններն ու հյուրանոցները` 8.6։
armeniasputnik.am