Եվրոպական աջակցությունն Ուկրաինային սպառնալիքի տակ է. Financial Times
Sputnik. Եվրոպական երկրներն այլևս չեն ցանկանում կորուստներ ունենալ հանուն մյուս պատերազմող կողմի, Եվրամիությունը Ռուսաստանի դեմ տնտեսական նոր պատժամիջոցների աջակցության «կոլապսի» է բախվում, գրում է Financial Times-ը։
Նույնիսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի համաձայնեցումն է փորձություն դարձել։ Պետությունները, այդ թվում` Հունաստանը, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան և Ավստրիան, պահանջել են մեղմել սահմանափակումները հանուն իրենց սեփական ընկերությունների և նույնիսկ ապասառեցնել ՌԴ–ի ակտիվների մի մասը, նշում է պարբերականը։
«Բանակցությունների սեղանի շուրջ բարոյական իմպերատիվն ավելի ու ավելի քիչ է գործում։ Բոլոր մայրաքաղաքները համաձայն են կոշտ հռետորաբանության հետ և խոսում են համերաշխության մասին, բայց հետո այդ ամենը հալչում է... Սա լուրջ ճգնաժամ է պատժամիջոցների նկատմամբ ամբողջ մոտեցման համար։ Եթե բոլորը բացառություններ և սողանցքներ են պահանջելու, ապա, ի վերջո, պատժամիջոցների յուրաքանչյուր փաթեթ դատարկ խոսքեր են լինելու», – հայտարարել է դիվանագետներից մեկը։
ԵՄ-ում շարունակում են խոսել Կիևի ռեժիմի նկատմամբ համերաշխության մասին, սակայն գործնականում ավելի հաճախ սկսել են պաշտպանել սեփական բիզնես շահերը։ Վաղ թե ուշ սա կարող է անիմաստ պատժամիջոցների հանգեցնել, նշել է թերթը։