«Զանգեզուրի միջանցքի» հարցում առանձնակի հետաքրքրություն ունի Անգլիան․ Վարդան Խաչատրյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i190028-Զանգեզուրի_միջանցքի_հարցում_առանձնակի_հետաքրքրություն_ունի_Անգլիան_Վարդան_Խաչատրյան
Անդրադառնալով Արցախում տեղի ունեցած համաժողովրդական հանարահավաքի հիմնական մեսիջներին և հնարավոր արդյունքներին, ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Վարդան Խաչատրյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2022 16:05 Asia/Tehran
  • «Զանգեզուրի միջանցքի» հարցում առանձնակի հետաքրքրություն ունի Անգլիան․ Վարդան Խաչատրյան

Անդրադառնալով Արցախում տեղի ունեցած համաժողովրդական հանարահավաքի հիմնական մեսիջներին և հնարավոր արդյունքներին, ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Վարդան Խաչատրյանը։

Արցախում գոյություն ունեցող իրավիճակն ունի հակակշիռներ, և Արցախի երեկվա հանրահավաքից  կատարված հայտարարությունները լուրջ ազդեցություն կարող են  գործել ինչպես համաշխարհային կենտրոնների, այնպես էլ տարածաշրջանում Թուրքիայի, Իրանի, ՌԴ-ի վրա, Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ Արցախում տեղի ունեցած համաժողովրդական հանարահավաքի հիմնական մեսիջներին և հնարավոր արդյունքներին, ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Վարդան Խաչատրյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանը ճանապարհը փակել է՝ ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից:

«Ադրբեջանն այս եղանակով գնացել է ծայրահեղ քայլի, քանի որ չեմ կարծում, թե Ալիևը ցանկանում էր հայտնվել այդ իրավիճակում։ Ամենայն հավանականությամբ, Ալիևին ներքաշեցին այս ամենի մեջ, և նա վստահ էր, որ Թուրքիան Նախիջևանում գտնվող իր ռազմական հնարավորությունները կօգտագործի՝ «միջանցքը» բացելու և երկկողմանի հարձակման համար, որի արդյունքում հնարավոր կլինի բացել «միջանցքը»՝ անելով թուրանական ծրագրին անցնելու արմատական քայլերից մեկը։

Այս առումով պետք է նշել, որ  «Զանգեզուրի միջանցքի» հարցում առանձնակի հետաքրքրություն ունի Անգլիան։ Ալիևը չէր կարող չգնալ այս քայլին, քանի որ աներևակայելի օգնություն էր ստացել 44-օրյա պատերազմի ընթացքում, հսկայական շինարարություն է կատարվել, ճանապարհներ են կառուցվել, որոնք պետք է դառնան Չինաստանից եկող ապրանքների գլխավոր հանգույցը, ինչը բացահայտորեն  ուղղված է ռուսական շահերի դեմ։ Փաստ է, որ ռուս-ուկրաինական պատերազմում շատ ադրբեջանցի զինվորականներ կռվում են ուկրաինական ճակատում՝ ընդդեմ Ռուսաստանի։ Ստացվում է, որ Ալիևից պահանջվում է հրկիզել հարավը ևս, որպեսզի Ռուսաստանը հնարավորություն չունենա  Ուկրաինայում ճնշում գործադրել։ Բոլորը վախեցած են նրանից, որ ռուսական ուժերը բազմապատկվում են, և ամբողջ աշխարհը ստիպված կլինի ճանաչել Ուկրաինայի պարտությունը։ Այս դեպքում հասկանալի է, որ Ադրբեջանը ուղիղ չի առճակատվի ՌԴ-ի դեմ, ուստի դա անում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը վերսկսկելու տարբերակով»,- ասել է Խաչատրյանը։

Վերջինիս կարծիքով՝ այսօր այդ կոնֆլիկտն ունի լուրջ հակակշիռներ՝ ի տարբերություն 44-օրյա պատերազմի։

«Թուրքական զինուժի գլխին լուրջ վտանգներ են կախված։ Ստացվեց, որ Ադրբեջանը գնաց կոնկրետ քայլերի, բայց թուրքական զինուժի կողմից սպասվելիք հարձակումը տեղի չունեցավ, ինչը պայմանավորված է Իրանի քայլերով։  Կապանում հյուպատոսարան բացելը, ամենամարտունակ զորամիավորումները մեր սահմանին մոտ տեղափոխելը հստակ ուղերձներ էին։ Ընդ որում, պետք է ընդգծել, որ միայն Իրանը չէ, որ հանդես է եկել նման ուղերձներով․ մոտ մեկ ամիս առաջ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի օրերին  Հնդկաստանը հանդես եկավ հայտարարություններով, որոնց ուղերձն այն  էր, որ Հնդկաստանը կանգնած է ՀՀ-ի կողքին՝ զենքի մատակարարման և զինվորական կադրերի վերապատրաստման առումով։ Թուրքիան և Արևմուտքը, ըստ էության, հասկացան, որ գործ ունեն Իրան-Հնդկաստան տանդեմի հետ, ինչը Արևմուտքի համար բավականին լուրջ է՝ հատկապես հաշվի առելով, որ ներկայիս աշխարհում Հնդկաստանն է կշեռքի այն ծանրաքարը, որը նժարը կարող է ուղղել մեկի կամ մյուսի կողմը։ Ուստի ստեղծված այս իրավիճակում երեկվա հանրահավաքի հայտարարությունները կարող են զգալի արդյունավետություն ունենալ՝ հաշվի առնելով վերը նշված հակակշռող հանգամանքները»,- նշել է Խաչատրյանը։

Հարցին՝ ի՞նչ հանգամանքներ կարող են ստիպել Ադրբեջանին բացել ճանապարհը, քաղաքագետը պատասխանել է․

«Ըստ էության, Ադրբեջանի թիկունքում այսօր երաշխավորված բազմություն չկա, ինչպիսին որ կար 44-օրյա պատերազմի ժամանակ, ուստի Ալիևը ստիպված է լինելու գնալ զիջումների»։

aysor.am