Հայաստանը պատրաստ է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը. Միրզոյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i191682-Հայաստանը_պատրաստ_է_Հայաստանի_Վրաստանի_եւ_Ադրբեջանի_ղեկավարների_հանդիպմանը._Միրզոյան
Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ երկխոսության զարգացման հարցում. Թբիլիսյան հնարավոր հարթակը մենք դիտարկում ենք հենց այս՝ տարածաշրջանային եռակողմ քննարկումների, ոչ թե Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանդիպումների տիրույթում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2023 15:51 Asia/Tehran
  • Հայաստանը պատրաստ է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը. Միրզոյան

Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ երկխոսության զարգացման հարցում. Թբիլիսյան հնարավոր հարթակը մենք դիտարկում ենք հենց այս՝ տարածաշրջանային եռակողմ քննարկումների, ոչ թե Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանդիպումների տիրույթում:

Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում խոսել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի նախագահը Ալիևը հայտարարել է, որ Երևանը մերժել  է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափ ստեղծելու առաջարկը, Միրզոյանն ասել է. «Այժմ շրջանառվում է Հայաստանի ու Վրաստանի վարչապետների և Ադրբեջանի նախագահի հանդիպման գաղափարը: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել և այժմ էլ պատրաստ է նման հանդիպմանը, սակայն համաձայնեք՝ այդպիսի հանդիպումն առանձնապես արդյունավետ և խոստումնալից չի թվում, երբ հնարավոր չի լինում համաձայնեցնել անգամ ատելության խոսքի և թշնամանքի վերացման վերաբերյալ հանձնառություն արտահայտող մի պարզագույն համատեղ հայտարարություն»:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացին եւ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը, ով հույս էր հայտնել, որ Հայաստանը կներգրավվի արևելք-արևմուտք տարածաշրջանային մեխանիզմներին՝ համագործակցելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հետ, Արարատ Միրզոյանն ասաց. «Հայաստանը միանշանակ շահագրգռված է թե՛ տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակմամբ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված սկզբունքներին համաձայն, թե՛ ավելի մեծ տրանսպորտային նախագծերի մաս կազմելու մեջ: Տեղյակ եք հավանաբար, որ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք մեխանիզմների համադրմամբ ՀՀ կառավարության կողմից առաջ է քաշվել «Հայկական խաչմերուկ» նախագիծը:

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ մեր առաջարկներն ուժի մեջ են, և մենք այն կարող ենք իրագործել ցանկացած պահի՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավազորության ու ազգային օրենսդրության պահպանման շրջանակներում: Ըստ էության, այստեղ միակ ու հիմնական խոչընդոտն Ադրբեջանի կողմից առաջ քաշվող արտատարածքային միջանցքի անհիմն պահանջն է»։

news.am