Համագործակցության առաջարկներ, նոր փառատոններ. Երևանի կամերային թատրոնը վերադարձել է Իրանից
Երևանի կամերային պետական թատրոնն օրերս մասնակցել է Իրանում անցկացվող «Ֆաջր» միջազգային 41-րդ թատերական փառատոնին՝ տեղի թատերասերներին ներկայացնելով Վիլյամ Շեքսպիրի «Համլետ»-ը՝ Արա Երնջակյանի բեմադրությամբ:
Ներկայացումը խաղացել են երկու անգամ՝ լեփ-լեցուն դահլիճներում: Այն շատ լավ է ընդունվել: Այդ են փաստել բուռն ծափողջույններն ու «բրավո» վանկարկումները: Ներկա են եղել ինչպես արտասահմանցիներ, այնպես էլ հայ համայնքի ներկայացուցիչներ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանը նշում է՝ երկրորդ անգամ են մասնակցում «Ֆաջր» փառատոնին: Հրավերն ստացել են նախորդ տարի, սակայն տեխնիկական պատճառներով չեն մասնակցել: 2023-ին Իրան են մեկնել մեծ կազմով:
«Ընտրեցինք «Համլետ» ներկայացումը, որովհետև Շեքսպիրի ստեղծագործություններին քաջածանոթ են աշխարհի բոլոր երկրներում: Չնայած հայերեն էինք խաղում՝ հանդիսատեսն այն ընկալում էր: Բացի այդ, ներկայացումն ուղեկցվում էր պարսկերեն ենթագրերով»,-ասում է Երնջակյանն ու հավելում, որ Իրանում հանդիպել են «Դրամատիկական արվեստների կենտրոն»-ի (Dramatic Arts Center) նախագահի հետ, մարդու, որը կարգավորում է Իրանում անցկացվող փառատոնները: Նա վարպետաց դասերի, հայ-իրանական համատեղ բեմադրությունների առաջարկով է հանդես եկել: Առաջարկները դեռ քննարկման փուլում են:
Լուսինե Երնջակյանի խոսքով՝ կան ներկայացումներ, որոնք տարբեր երկրներում խաղալիս ադապտացիայի են ենթարկվում, սակայն «Համլետ»-ի պարագայում նախնական բեմադրությանը գրեթե չեն միջամտում, քանի որ այն ունի հստակ կառուցվածք, ասելիք, սակայն Իրանում խաղալիս զգեստներն են փոփոխել, որոշ տեսարաններ: Դերասանուհիները կրել են գլխաշորեր, սահմանափակել են պարային շարժումները: «Առաջին հայացքից որոշ փոփոխություններ խորթ թվացին, բայց հետո շատ հետաքրքիր էր: Ներկայացման մեջ Համլետի և Օֆելիայի պարի գեղեցիկ տեսարան կա: Այն ստիպված փոփոխեցինք, սակայն այն լուծումը, որը գտանք, ևս շատ հետաքրքիր էր»,-պատմում է Երնջակյանը: