Մեր հարաբերություններն ակտիվորեն զարգանում են. ինչ են քննարկել Բեռլինում Փաշինյանը և Շոլցը
(last modified Thu, 02 Mar 2023 15:55:24 GMT )
Մարտ 02, 2023 19:25 Asia/Tehran
  •  Մեր հարաբերություններն ակտիվորեն զարգանում են. ինչ են քննարկել Բեռլինում Փաշինյանը և Շոլցը

Հայաստանի և Գերմանիայի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ։ Այս մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել` համատեղ ջանքերով հետևողականորեն համագործակցել, որպեսզի նոր ու ավելի հավակնոտ օրակարգ ձևավորենք։ Մեր հարաբերություններն ակտիվորեն զարգանում են և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարթություններում, ինչի վկայությունն են հատկապես վերջին շրջանում բարձր մակարդակով փոխայցերն ու ակտիվ շփումները։ Քննարկել ենք Հայաստան–Գերմանիա առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորել` երկուստեք շարունակական ջանքերը առևտրաշրջանառության ծավալների աճի դրական դինամիկան պահպանելու և փոխադարձ ներդրումները խրախուսելու ուղղությամբ»,– նշեց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության «BMZ 2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակում Հայաստանի ընդգրկումը` որպես երկկողմ գործընկեր։ Ըստ Փաշինյանի, դա հիանալի հնարավորություն է Հայաստանում ընթացիկ բարեփոխումների և ծրագրերի կայուն շարունակականության համար։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստան–Գերմանիա ֆինանսական և տեխնիկական համագործակցությանը, մասնավորապես, գերմանական միջազգային համագործակցության գործակալությունների` GIZ–ի և KfW–ի գործունեությանը Հայաստանում։

«Լիահույս եմ, որ մոտ ապագայում GIZ–ի և KfW–ի տեղական գրասենյակների բացումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև զարգացման համագործակցության համար»,– ասաց ՀՀ վարչապետը։

Փաշինյանն ու Շոլցը քննարկել են նաև բնապահպանական, կրթության, գիտության, մաշկույթի և ոլորտների առնչվող հարցեր։ Անդրադարձել են նաև միջխորհրդարանական համագործակցությանը։

armeniasputnik.am