Իրանական կիրառական արվեստի ցուցադրություն Կապանում
Կապանի մշակույթի կենտրոնի երկրորդ hարկի նախասրահում մարտի 17-ին բացվեց Իսլամական արվեստի Թավրիզի համալսարանի ուսանողների եվ արվեստագետների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը: Տեղեկացնում է Սյունաց երկիրը:
Ցուցադրանքում ներառված են 35 արվեստագետի գործեր՝ կաշվե, փայտե, ապակե, կերամիկական, ասեղնագործ աշխատանքներ, որոնք պատկերացում են տալիս հեղինակների նախասիրությունների եվ ճաշակի մասին:
Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսի տեղակալ Թուրաջ Խոսրավին ընդգծեց այն միտքը, որ ցուցահանդեսը եվս մի առիթ է երկու երկրի մշակութային կապերն ըստ ամենայնի սերտացնելու: Այս համատեքստում նա նշեց, որ մշակութային սույն ձեռնարկն իրականություն դարձավ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսարանի, Թավրիզի արվեստի համալսարանի, Կապանի համայնքապետ Գեորգ Փարսյանի եվ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ ու հովանու ներքո: Ցուցահանդեսը նաեվ ճանաչողական նպատակ ուներ այն իմաստով, որ Կապանի ու Թավրիզի ուսանողները ծանոթանան միմյանց ստեղծագործական աշխատանքներին:
Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադեոսյանը ողջույնի խոսքում նշեց, որ Կապանում ԻԻՀ հյուպատոսության բացմամբ՝ նոր հնարավորություն է ստեղծվել երկու երկրի պատմամշակութային կապերին նոր բովանդակություն հաղորդելու առումով: Դրանից զատ՝ Կապանի համայնքապետ Գեորգ Փարսյանի եվ Կապանում ԻԻՀ հյուպատոս Աբեդին Վարամիի ջանքերով սկիզբ է դրվել փոխայցելությունների, նախադրյալներ ստեղծվել՝ մշակութային միջոցառումներ կազմակերպելու եվ տնտեսական կապերն ամրապնդելու: Բանախոսը համոզմունք հայտնեց, որ նման համատեղ միջոցառումները շարունակական կլինեն:
Պաշտոնական արարողությունից հետո միջոցառման մասնակիցները ծանոթացան ցուցադրանքին. մանավանդ կերամիկական աշխատանքներն աչքի էին ընկնում գունային հետաքրքիր լուծումներով:
Ցուցահանդեսի կազմակերպիչ Հաբիբ Դիդավը տպավորված էր կապանցիների՝ ցուցահանդեսի հանդեպ դրսեվորած հետաքրքրությունից եվ ջերմ վերաբերմունքից, ցուցահանդեսի հաճելի մթնոլորտից. «Արվեստը մերձեցնում է ժողովուրդներին, ուստի մենք շատ բան ունենք սովորելու միմյանցից»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Ցուցահանդեսին մասնակցում էին նաեվ Կապանի արվեստի քոլեջի սովորողները: Կրթոջախի դասախոս Մոնիկա Թեվանյանը կարեվորեց նման ցուցահանդեսի կազմակերպումը մարզկենտրոնում, քանզի այն կապանցի երիտասարդներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հարեվան երկրի կիրառական արվեստին: