Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Լաչինի միջանցքի մասին հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i196308-Ադրբեջանի_ԱԳՆ_ն_արձագանքել_է_Փաշինյանի_Լաչինի_միջանցքի_մասին_հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ասելով, թե իբր տարածաշրջանում «իրավիճակը շահարկելու» (չակերտները՝ Tert.am) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին փորձերը անընդունելի են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2023 15:03 Asia/Tehran
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Լաչինի միջանցքի մասին հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ասելով, թե իբր տարածաշրջանում «իրավիճակը շահարկելու» (չակերտները՝ Tert.am) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին փորձերը անընդունելի են։

«Գաղտնիք չէ, որ Հայաստանը, «ժողովրդավարության քողի տակ» (չակերտները՝ Tert.am), «շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը» (չակերտները՝ Tert.am)։ Հայաստանի վարչապետը հիմքեր չունի «սխալ մեկնաբանելու» (չակերտները՝ Tert.am) Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումը Լաչինի ճանապարհի վերաբերյալ և մեղադրանքներ ներկայացնելու, որ Ադրբեջանը «իբր» (չակերտները՝ Tert.am) փակել է Լաչինի ճանապարհը», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ Փաշինյանը Կառավարության նիստում ասել էր.«Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած որոշումը՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին, այլև ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղի նաև ներքին տրանսպորտային հաղորդակցությունն արգելափակելուն ուղղված քայլեր ձեռնարկելով։ 2054 բարձունքից ադրբեջանական կողմը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը, Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը»։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնել են, որ Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:

Արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։

ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթևեկելի է և, հաշվի առնելով Արցախի շարունակվող շրջափակումը, դրանով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Այդ ճանապարհն, ի դեպ, Արցախի Հանրապետության սահմանին՝ Հակարի գետի կամրջի մոտ վերահսկվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից։

Հիշեցնենք, որ սկսած 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, ադրբեջանական կողմը փակել է Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի հատվածը։ Եվ արդեն 108 օր շարունակ Արցախի բնակչությունը զրկված է արտաքին աշխարհի հետ կապից:

tert.am