Ֆրանսիայի ԱԳ նախարարը ՀՀ կժամանի․ Այցը տարածաշրջանային է
(last modified Tue, 25 Apr 2023 15:12:12 GMT )
Ապրիլ 25, 2023 18:42 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ԱԳ նախարարը ՀՀ կժամանի․ Այցը տարածաշրջանային է

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան ապրիլի 26-28-ը կայցելի Հարավային Կովկաս, հայտնում է այդ երկրի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Հայաստանում և Ադրբեջանում Կոլոննան կհաստատի Ֆրանսիայի հանձնառությունը՝ աջակցելու արդար և տևական խաղաղության նպատակով երկու երկրների միջև բանակցություններին՝ պահպանելով տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի սկզբունքները։

Նշվում է նաև, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը պահանջելու է երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով։

Երևանում Կոլոննան կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, կայցելի ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդների կենտրոնակայան Ջերմուկում, հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ադրբեջանում Կոլոննան հանդիպումներ կունենա այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում և անցակետ է տեղադրել։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։

panarmenian.net