Մայիս 12, 2023 18:37 Asia/Tehran
  • «Իրան-Հայաստան կապերի բոլոր մակարդակներում զարգացումը՝ ամրապնդելու է երկու երկրների անվերապահ հարևանությունը».  Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ

Երկուշաբթի՝ մայիսի 8 -ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճյան, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբյան» դահլիճում ընդունեց Հայաստանից ժամանած 10 արվեստագետների այցելությունը, որոնք Իրան-Հայաստան հարաբերության հանձնաժողովի և Թավրիզի Արվեստից համալսարանի տնորենության հրավերով ժամանել էին, իրենց գործերը ցուցադրելու սույն համալսարանի ցուցասրահում: Հանդիպմանը մասնակից եղավ նաև Թեմական խորհուրդը:

Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Գլխավորությամբ Թավրիզի Արվեստից համալսարանի միջազգային հարաբերությունների պատասխանատու դոկտ. Ախունդիի, ինչպես նաև Իրան-Հայաստան հարաբերության հանձնախմբի ընդհ. քարտուղար դոկտ. Նազիֆի և  օգնական դոկտ. Դիդարի, հայաստանցի արվեստագետները հանդիպում ունեցան Սրբազան Հոր հետ: Նրանք Հայաստանի տարբեր շրջաններից՝ Երևանից, Աշտարակից, Սևանից, Սիսիանից և Կապանից էին, գեղանկարչության, քանդակագործության և մետաղային արդի քանդակագործության երիտասարդ և խոստմնալից վարպետներ, որոնք իրենց գործերից նմուշներ էին բերել, մասնակցելու Թավրիզում կազմակերպված ցուցահանդեսին:

Սրբազան Հայրը ողջունեց պետական հյուրերին, ինչպես նաև Հայաստանից  ժամանած երիտասարդ արվեստագետներին, թեմի պատմության համար ուրախալի համարելով Իրան-Հայաստան կապերի սերտացումը, փոխադարձ այցելություններով, այս փուլում արվեստի մակարդակով. «Հատկապես հարևան երկրների ժողովուրդների փոխադարձ ճանաչողությունը պիտի նոր մակարդակի բարձրացնել, ներկա առաջադեմ դարի պայմանների համապատասխանող գիտակցությամբ: Մեր երկու ժողովուրդները նոր չէ որ իրար ճանաչում են: Դարերի հարևանությունը հասարակաց բազմաթիվ պատկերներ դաջել է մեր մտքերում և հոգիներում, որոնք դյուրավ ջնջելի չեն մեր զույգ ժողովուրդների հավաքական հիշողությունից»,- ասաց Սրբազան Հայրը:

Համալսարանի միջազգային hարաբերության պատասխանատու դոկտ. Ախունդին խոսք առնելով, ընդհանուր գծերում բացատրեց հայաստանցի հյուրերի արվեստի բնագավառները, և ընդհանրապես այն ընդառաջումը, որը համալսարանը ցույց էր տվել նրանց բարձրորակ արվեստին:

Թեմական խորհրդի անունից ողջույնի խոսք ուղղեց Հենրիկ Աբրահամյան, որը ազգային իշխանության ուրախությունը hայտնեց և՛ համալսարանի պատասխանատուներին, և՛ Հայաստանցի հյուրերին, դարավոր և  հնաբույր թեմում բոլորին հյուրընկալելու առիթով:

Հայաստանի արվեստագետները այնուհետև իրենց պատկան քաղաքի և սեփական արվեստի մասին ծանոթություններ ներկայացրին, ինչպես նաև այն մրցույթների և մրցանակների մասին, որոնց մասնակցել և տիրացել էին անցած մի քանի տարիների ընթացքում:

Հրաժեշտից առաջ, բոլոր հյուրերը այցելեցին առաջնորդարանի հնատիպերի բաժանմունքը և «Ռոստոմ-Գասպար» գրադարանը, մոտկից ծանոթանալու թեմի մշակութային հարստություններին: Համալսարանի պատասխանատուները հրավիրեցին Սրբազան Հորն և Թեմական խորհրդին այցելել համալսարան և տեսնել հայրենի արվեստագէտների ցուցահանդեսը:

Մայիսի 10-ին, Սրբազան Հայրն ընկերակցությամբ Թեմական խորհրդի, պաշտոնական այցելություն տվեց Թավրիզի Արվեստից համալսարանը, և դիմավորվեց պատասխանատուների կողմից:

Համալսարանի ընդհ. տնորեն դոկտ. Քէյնեժադի հետ մոտ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքին արծարծվեցին Իրան-Հայաստան հարաբերությունների արվեստից այնքան սերտ կապերը, որոնք փոխադարձ այցելութիւններով և՛ Թավրիզում և՛ Երևանում կայանալիք ցուցահանդեսներով, երկու ժողովուրդների արվեստների առավել ծանոթացման առիթ են հանդիսանալու:

Սրբազան Հայրը բարձր գնահատեց համալսարանի տնորենության, ինչպես նաև Իրան-Հայաստան հարաբերության  հանձնաժողովի լայնախոհ մոտեցումը, որը գործնական արտահայտություն էր գտել, հայ  արվեստագետների ներկայությամբ և նրանց գործերի բացառիկ ցուցահանդեսով:

Շնորհակալության խոսք ասաց Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջյանը, ազգային իշխանության անունից երախտագիտություն հայտնելով համալսարանի տնորենությանն, վստահեցնելով նրանց, որ Ատրպատականի հայոց թեմը բարձր է գնահատում նման քայլեր, որոնք hատկապես դարավոր անցյալ ունեցող Թավրիզահայության պատիվ են բերում: Սրբազան հոր պաշտոնական այցի առիթով, համալսարանի ընդհ. տնորենը նրան հանձնեց մի հուշանվեր, որը փայտարվեստի նմուշ էր, համալսարանի ուսանողների կողմից ստեղծագործված:

Այնուհետև դոկտ. Աբդոլլահիի առաջնորդությամբ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը, համալսարանի ընդհ. տնորենը և  Թեմական խորհրդի անդամները այցելեցին ցուցահանդեսի սրահ, ծանոթանալով հայրենի շնորհալի արվեստագետների բարձրորակ գործերին: Նրանցից ոմանք տեղի վրա նկարում էին և քանդակում, մեծ հիացմունք պատճառելով համալսարանի ուսանողության և բոլոր այցելուներին:

Սրբազան Հայրը, իր ընկերակիցներով, յուրաքանչյուր արվեստագետի գործերին նայեց, քաջալերելով բոլորին, ովքեր Հայաստանի  շունչ էին բերել իրենց հետ հնաբույր Թավրիզ քաղաքին: Նույն առիթով նա այցելեց համալսարանի թանգարանը և շենքի հնագույն մասը, որտեղ դեռևս պահպանվում են Թավրիզի նախկին կաշեգործարանի մեքենաները և այլ գործիքներ: Համալսարանի այս հնագույն մասը հայապատկան կաշեգործարանն էր եղել Թավրիզի, որտեղ մեծ թվով հայեր էին աշխատել անցյալում:

 

Պիտակ