Փաշինյանն ու Բոնոն խոսել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին և նրա հետ քննարկել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Փաշինյանը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ վարչապետն ու Բոնոն քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, միջազգայնորեն երաշխավորված մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրմանը վերաբերող հարցեր:
Նշենք, որ այսօր Լուիս Բոնոյի հետ հանդիպում են ունեցել նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք` մայիսի 25–ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):
Դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում սկսվեց, որից հետո ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։
armeniasputnik.am