ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
(last modified Sun, 09 Jul 2023 14:17:30 GMT )
Հուլիս 09, 2023 17:47 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր:

«Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Երկարատև խաղաղության հասնելու համատեքստում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և ագրեսիվ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված անվտանգային և մարդասիրական խնդիրներին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտմանն ուղղված՝ Բաքվի քաղաքականության կանխման նպատակով միջազգային կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից ադրբեջանական կողմը խոչընդոտներ է ստեղծում անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ ԼՂ անարգել մարդասիրական հասանելիության համար: 

Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկու երկրների միջև հարաբերությունների, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության գերակայությունների և առկա մարտահրավերների շուրջ:

armenpress.am

Պիտակ