Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է՝ որտեղ է գտնվում արցախցի Վագիֆ Խաչատրյանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i203836-Ադրբեջանի_ԱԳՆ_ն_հայտնել_է_որտեղ_է_գտնվում_արցախցի_Վագիֆ_Խաչատրյանը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել նախօրեին Լաչինի միջանցքում Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգման և Ադրբեջանի տարածք տեղափոխման առնչությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2023 14:34 Asia/Tehran
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է՝ որտեղ է գտնվում արցախցի Վագիֆ Խաչատրյանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել նախօրեին Լաչինի միջանցքում Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգման և Ադրբեջանի տարածք տեղափոխման առնչությամբ:

Գերատեսչությունը հաստատել է, որ Խաչատրյանը, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան էր տեղափոխվում՝ բուժում ստանալու նպատակով, տեղավորվել է Բաքվի բուժհաստատություններից մեկը, նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, պայմաններ են ստեղծվել ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների համար։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, իբր, «շարունակում է քաղաքական մանիպուլյացիաների մեջ մտնել՝ միջազգային հանրության ուշադրությունը շեղելու և իր պարտավորություններից խուսափելու նպատակով» (չակերտները՝ Tert.am):

«Հայաստանի ԱԳՆ-ի կողմից Ադրբեջանին ուղղված մեղադրանքները «լիովին անհիմն են» (չակերտները՝ Tert.am) »,-հայտարարել է գերատեսչությունը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ադրբեջանը Լաչինի միջանցքում առևանգել է բուժման նպատակով  Հայաստան տեղափոխվող 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանին:

Վերջինիս իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին հայտնել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նախօրեին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշել է, որ Խաչատրյանը «միջազգային հետախուզման մեջ է» (չակերտները - Tert.am)։

Ըստ Բաքվի՝ «օգտագործելով տարբեր տեսակի զենքեր՝ նա տարբեր անձանց հետ 1991 թ․ դեկտեմբերի 22-ին կազմակերպել և Մեշալի գյուղի ադրբեջանցիների դեմ իրականացրել է հանցագործություններ, ոչնչացրել է նրանց պատկանող գույքը, պետությանը խոշոր չափի վնաս է հասցրել (մոտ 5,5 միլիոն մանաթի / մոտ 3,2 միլիոն դոլարի նյութական վնաս - Tert.am)» (չակերտները - Tert.am)։

Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Ըստ նրա՝ քաղաքացու իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։ Արցախցու դուստր Ծովինար Խաչատրյանը, Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը հերքել են Ադրբեջանի մեղադրանքները։

Ադրբեջանական կողմը նշել է, որ «նրա գտնվելու վայրը հետաքննությանը հայտնի չլինելու պատճառով նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, և 2013 թվականի նոյեմբերի 12-ին դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը» (չակերտները - Tert.am)։

«Որոնողական աշխատանքների արդյունքում Վագիֆ Խաչատրյանը 2023 թվականի հուլիսի 29-ին ադրբեջանա-հայկական պետական սահմանի՝ Լաչինի սահմանային անցակետից բերման է ենթարկվել պետական սահմանային ծառայության զինծառայողների կողմից՝ փորձելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժման նպատակով մեկնել Հայաստանի Հանրապետություն։ 

Կապահովվի Վագիֆ Խաչատրյանին Բաքվի բժշկական հաստատություն տեղավորումը, անհրաժեշտ բուժօգնության ապահովումը, ինչպես նաև ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների կողմից նրան այցելելու համար պայմանների ստեղծումը»,- հայտնել է Ադրբեջանի դատախազությունը։

tert.am