Հայաստանն ու Չինաստանը «Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» միջկառավարական համաձայնագիր կկնքեն
(last modified Thu, 03 Aug 2023 06:41:54 GMT )
Օգոստոս 03, 2023 10:11 Asia/Tehran
  • Հայաստանն ու Չինաստանը «Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» միջկառավարական համաձայնագիր կկնքեն

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՉԺՀ տրանսպորտի նախարար Լի Սյաոպենի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գնել Սանոսյանի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառումից, հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել «Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» միջկառավարական համաձայնագրի կնքմանը։ Համաձայնագիրն ավարտական փուլում է և առաջիկայում պատրաստ կլինի ստորագրման։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ենթակառուցվածքների շինարարությանը, մասնավորապես ճանապարհների, կամուրջների և թունելների կառուցման, վերակառուցման նախագծերում կարողություններ ունեցող չինական ընկերությունների ներգրավմանը։

Քննարկվել են միջազգային տրանսպորտային ուղիների զարգացմանը վերաբերող հարցեր։

Երկուստեք կարևորվել է ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև կանոնավոր օդային հաղորդակցության կազմակերպումը, ինչպես նաև ՀՀ և ՉԺՀ տրանսպորտի ոլորտի համար պատասխանատու գերատեսչությունների միջև փորձի փոխանակումը, փոխադարձ այցերն ու փորձագետների ներգրավումը։

Ընդգծվել է վերը նշված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։

armenpress.am