Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը սրվում է
Ղարաբաղից ստացված լուրերը վկայում են, որ Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հումանիտար ճգնաժամը սրվել է, իսկ սննդամթերքի ու դեղորայքի բացակայությունը լուրջ վտանգի տակ է դրել այս տարածաշրջանի բնակիչներին։
Ավելի վաղ ՄԱԿ-ի փորձագետների խումբը լուրջ մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման և Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի ծանր վիճակի կապակցությամբ։
Ըստ տեղեկությունների՝ սննդամթերքի, դեղորայքի և առողջապահական ապրանքների բացակայությունը ազդել է բժշկական և կրթական հաստատությունների աշխատանքի վրա և լուրջ վտանգի տակ դրել հատկապես երեխաների, հաշմանդամների, տարեցների, հղիների և ծանր հիվանդների կյանքը։
Հայաստանը հայտարարել է, որ Բաքուն արգելել է մարդասիրական բեռնատարների ավտոշարասյանը մուտք գործել Լեռնային Ղարաբաղ:
Երևանը խնդրել է Ադրբեջանի իշխանություններին 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագրի հիման վրա հնարավորինս արագ վերականգնել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ և անվտանգ տեղաշարժը:
Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին, խնդրելով Անվտանգության խորհրդի հրատապ նիստ կազմակերպել՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու շրջափակումը դադարեցնելու և Ադրբեջանի կողմից ղարաբաղաբնակ հայերի ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ։
Նամակում նշվում է, որ այս ճգնաժամը հնարավոր է հաղթահարել միայն միջազգային մարդասիրական և քաղաքական աջակցությամբ։
Ադրբեջանը պնդում է, որ Երեւանը խաթարում է խաղաղության գործընթացը տարածաշրջանում շրջափակման և հումանիտար ճգնաժամի մասին պնդումներով։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է սադրիչ գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի կողմից Լաչինիում տեղակայված սահմանային կետի դեմ, հավելելով. «Չնայած դրան, ադրբեջանական կողմը երկու ուղղություններով էլ պայմաններ է ապահովում հայ բնակիչների տեղաշարժի համար»։
Նա հավելել է. «Չնայած այն հանգամանքին, որ մենք առաջարկել ենք Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը և բեռնափոխադրման այլ այլընտրանքային ուղիներ, հայկական կողմը խոչընդոտներ է ստեղծում ճանապարհներին և դեմ է այդ երթուղիներով բեռնափոխադրմանը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ շրջափակմնան մասին պնդումները քաղաքական շահարկում են»: