Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը պատմել է հայաստանյան ամենամեծ բացահայտման մասին
Առաջիկայում հայ–իրանական խոհանոցային, մշակութային փառատոն է կազմակերպվելու Սյունիքի մարզկենտրոն Կապանում։ Կրթական ոլորտում էլ համագործակցությունը սերտացնելու ծրագրեր կան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։
Oգոստոսի 10-ին Սիսիանում կազմակերպվել է հայ–իրանական խոհանոցային «Նավասարդ» երկրորդ փառատոնը։ Հյուպատոսի խոսքով` կարելի է փառատոնների աշխարհագրությունն ավելի ընդարձակել ու նաև սյունյաց մյուս քաղաքներում էլ անցկացնել։ Այդ ամենը կնպաստի, որ երկու ժողովուրդները շփվելու ավելի շատ առիթներ ու հնարավորություններ ունենան, իրար լավ ճանաչեն։
«Իմ` իբրև հյուպատոսի առաջնահերթ ծրագիրը հասարակական հարաբերությունների զարգացումն է։ Ես այս տարի մասնակցել եմ Ջուլֆայում Սուրբ Ստեփանոս Նախավկայի միջոցառմանը, շատ եմ ցանկանում, որ այս միջոցառումն ավելի տարածվի, ընդարձակվի ու մեծ ընդգրկում ունենա»,– նշում է հյուպատոսը։
Որպես տարբերակ նա առաջարկում է կազմակերպել նման մի ծրագիր` Սյունիքի տարբեր շրջաններից մարդիկ ուխտագնացության մեկնեն Սուրբ Ստեփանոս և Սուրբ Թադե վանքեր։ Հույս ունի, որ այս ծրագիրը ոչ միայն հայաստանցիների, այլև սփյուռքահայության համար կլինի։
Մինչ Հայաստանում դիվանագիտական ծառայության նշանակվելը, Մորթեզա Աբեդին Վարամինը Հայաստանի մասին բավականին շատ տեղեկություններ ուներ, բայց այստեղ գալուց հետո բացահայտումներ էլ է արել։ Դրանցից գլխավորը լեզվական ընդհանրություններին է վերաբերում։
«Ես չգիտեի, որ մեր լեզուներում մոտ 1640 փոխառություն կա, արտասանությունը մի քիչ ուրիշ կարող է լինել։ Երբ լսում եմ այդ ընդհանուր բառերը, շատ եմ ուրախանում։ Օրինակ` ղաշանգ, պանիր, ափսոս, բանջար, ջիգյար, ջան, խանում։ Երբ այցելեցի Կապանի Երկրագիտական թանգարան, այնտեղ նկարներ տեսա, որոնցում հայ կանայք հատուկ հագուստով էին։ Մենք էլ ենք անցյալում նման հագուստներ ունեցել, ու հիմա էլ տարբեր գյուղերում հագնում են։ Շատ նման սովորույթներ էլ ունենք»,– ասում է հյուպատոսը։
Այս ամենը մեր երկու երկրների պատմությունն է, որը պետք է լավ պահվի։ Հիշեցնում է` Իրանում էլ հայերի մշակույթն ու հուշարձաններն են պահպանվում։
Նպատակ կա նաև հյուպատոսարանում պարսկերենի դասավանդում սկսել։ Ինչ վերաբերում է իրեն` ինքն էլ սկսել է հայերեն սովորել։ Խոստովանում է` լեզուն մի քիչ դժվար է տրվում, բայց լուրջ է տրամադրված։
Հիշեցնենք` 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունն էր։ Հենց բացման օրը գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը հայտարարել էր, որ Իրանը պաշտոնապես չի ճանաչելու սահմանների որևէ փոփոխություն։ Իրանցի դիվանագետը հույս էր հայտնել, որ տարածաշրջանի որևէ երկիր իրեն թույլ չի տա իր երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններ իրականացնել։