Արցախում սովամահության դեպք է արձանագրվել
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկատվության և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրություններով պարզվել է, որ Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։
Ադրբեջանի կողմից Արցախի ութ ամիս շարունակվող շրջափակման աղետալի հետևանքները հանրային առողջության վրա առավել քան նկատելի և շոշափելի են, որոնք առաջնահերթ արտահայտվում են հասարակության խոցելի խմբերի՝ երեխաների, հղիների, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց, հաշմանդամների և տարեցների առողջական իրավիճակի վրա։
Շրջափակման և հատկապես երկամսյա լիակատար պաշարման հետևանքով առաջացած պարենային աղետալի իրավիճակը և դրա հետևանքով անձանց թերսնուցումը և սովի սպառնալիքը, անհրաժեշտ դեղորայքի բացակայությունը և առողջապահական համակարգի լիարժեք գործելու անհնարինությունը ուղիղ և անառարկելի սպառնալիքներ են ստեղծում Արցախի 120 հազար բնակչության համար։