Գերմանիան Հայաստանի վերականգնող էներգետիկայի ոլորտը զարգացնելու համար կհատկացնի 12 միլիոն եվրո
Գերմանիան և Հայաստանն ամրապնդում են համագործակցությունը վերականգնվող էներգետիկայի հեռանկարային ոլորտում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ նպատակով օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր, որի շրջանակներում Գերմանիան Հայաստանին կհատկացնի լրացուցիչ 12 միլիոն եվրո՝ վերականգնող էներգետիկայի ոլորտը զարգացնելու համար։
Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, իսկ գերմանական կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը։
«Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները զարգանում են բավական ակտիվ։ Նախորդ տարի մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը առաջին անգամ գերազանցել է 500 միլիոն դոլարը, իսկ այս տարվա առաջին 7 ամիսներին շրջանառությունը կազմել է մոտ 400 միլիոն դոլար, որը մոտ 60 տոկոսով ավելին է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածի առևտրաշրջանառությունը։ Գերմանիայի հետ բազմաթիվ նախագծեր են իրականացվում՝ ֆինանսների, առևտրի, գիտության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում։ Այդ առումով Գերմանիան մեր կարևորագույն գործընկերներից մեկն է»,- ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը նշել է, որ 12 միլիոն եվրոյի հատկացումն իր հերթին կամրապնդի երկու երկրների միջև զարգացման քաղաքականության շուրջ երկկողմ վերարժևորված համագործակցությունը, որի մասին ազդարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն՝ անցյալ ամռանը Հայաստան կատարած իր անդրանիկ այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Դեսպանի խոսքով՝ ավելի քան 25 տարի Գերմանիայի զարգացման քաղաքականությունը՝ ի դեմս գերմանական KfW բանկի, և Հայաստանը՝ իր Կենտրոնական բանկի միջոցով, մեծ արդյունավետությամբ համագործակցում են Գերմանահայկական ֆոնդում։
«Ընդհանուր առմամբ, Գերմանահայկական ֆոնդը Հայաստանում իրականացրել է 424,3 միլիոն եվրոյի չափով ծրագիր։ Գերմանահայկական ֆոնդը ծրագրեր է իրականացնում ֆինանսական ոլորտում և առևտրային բանկերի միջոցով վարկեր է տրամադրում Հայաստանի փոքր կամ միջին ձեռնարկություններին։ Մեր աշխատանքը գնալով ավելի ակտիվանալու է»,- ընդգծել է դեսպանը։
armenpress.am