Մշակույթը՝ կրթության հենք. Խնկո Ապոր անվան գրադարանն իրականացնում է վարպետության դասընթացներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i204684-Մշակույթը_կրթության_հենք._Խնկո_Ապոր_անվան_գրադարանն_իրականացնում_է_վարպետության_դասընթացներ
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը 2023 թվականին նշում է հիմնադրման 90-ամյակը: Այն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է սպասարկելու մանուկներին և պատանիներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2023 16:00 Asia/Tehran
  •  Մշակույթը՝ կրթության հենք. Խնկո Ապոր անվան գրադարանն իրականացնում է վարպետության դասընթացներ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը 2023 թվականին նշում է հիմնադրման 90-ամյակը: Այն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է սպասարկելու մանուկներին և պատանիներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, գրադարանն իրականացնում է տեղեկատվական, մշակութային, գրադարանագիտական, մատենագիտական, կրթադաստիարակչական գործունեություն։ Բազմագործառույթ հաստատությունը 90 տարի շարունակ ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում:

Ըստ աղբյուրի՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ամեն տարի միանում է Հայաստանում անցկացվող «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ»  ծրագրին: Գրադարանի ներկայացրած «Հեքիաթի դեսպաններ» նախագիծը «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի հաղթող նախագծերից է:

««Հեքիաթի դեսպաններ» նախագծի շրջանակում գրադարան են հրավիրվում  տարբեր մշակույթների մարդիկ, որոնք հեքիաթ են պատմում իրենց մայրենի լեզվով, ասում է  Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը:

«Ծրագրի առաջին օրը նշված գրադարաններում ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն իրենց մայրենի լեզվով հեքիաթներ կկարդան երեխաների համար: Հաջորդիվ 3 աշխատանոցներում կանցկացվեն վարպետության դասեր: Համայնքների երեխաներին կներկայացվեն Եվրոպական ժառանգությանը նվիրված պատմություններ, տեղի կունենան նախապես ընտրված ստեղծագործությունների ընթերցում-քննարկումներ: Նկարազարդողների համար կանցկացվեն վարպետության դասեր և երեխաները կարդացած ստեղծագործությունների հիման վրա կցուցադրերն իրենց նկարչական գիտելիքներն ու հմտությունները: Որպես ծրագրի ամփոփում՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կկազմակերպի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն երեխաների աշխատանքները: 

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը 1963 թվականից ծավալում է հրատարակչական գործունեություն. մինչ օրս կազմել և հրատարակել է ավելի քան 1000 մասնագիտական գիրք: Դրանք մանկագիրների կենսամատենագիտություններն են՝ մանկական գրականության մատենագիտությունը՝ սովետահայ շրջանից մինչ մեր օրերը: Կազմվել և հրատարակվել են նաև մանկական թարգմանական գրականության, գրադարանավարների և ուսուցիչների համար մեթոդական ձեռնարկների  մատենագիտությունները: Այս աշխատանքները  շարունակական բնույթ են կրելու:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը մշտապես իրականացնում է գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ:

Ռուզան Տոնոյանի տեղեկացմամբ՝ ծրագիրը շարունակական է և հաջորդ տարի նախատեսում է վերապատրաստել դպրոցական գրադարանների գրադարանավարներին ևս. «Վերապատրաստման և վարպետության դասընթացների իրականացման համատեքստում անչափ կարևորում ենք նաև արտերկրի մեր գործընկերների փորձը: Մասնագիտական փորձի փոխանակման գործընթացը կարևոր է ոչ միայն մեր մասնագետների, այլև դրսի գործընկերների համար»:

2023 թվականի հոկտեմբերի սկզբին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կանցկացվի վերապատրաստման միջազգային  եռօրյա դասընթաց՝ ՀՀ գրադարանավարների, մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչների, այդ թվում՝ գրողների, հրատարակիչների, ուսուցիչների, մանկական հոգեբանների համար: Դասընթացը կվարի Իրանի Մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս, ոլորտի հեղինակավոր  և փորձառու մասնագետ Զոհրե Ղայենին: Վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի միջազգային որակավորման վկայական: