Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու վերաբերյալ տեղեկություններ կան. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i204986-Լաչինի_միջանցքը_միակողմանիորեն_բացելու_վերաբերյալ_տեղեկություններ_կան._Փաշինյան
Հավաստի տեղեկություններ են ստացվել, թե Ադրբեջանի կողմից ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն` Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու, բայց մուտք թույլ չտալու ուղղությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2023 08:27 Asia/Tehran
  • Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու վերաբերյալ տեղեկություններ կան. Փաշինյան

Հավաստի տեղեկություններ են ստացվել, թե Ադրբեջանի կողմից ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն` Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու, բայց մուտք թույլ չտալու ուղղությամբ։

Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիշեցնեմ, որ այս պահին էլ ՀՀ–ում են գտնվում Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ ԼՂ, նրանցից շուրջ 5000-ը` նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 հազարը` 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով»,– ասաց Փաշինյանը։

Նշելի է, որ ըստ եռակողմ հայտարարության 7-րդ կետի` ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ` ՄԱԿ–ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո։

Վարչապետի խոսքով` այս դրույթի չկատարումը և մյուս փաստերը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման ճանապարհով այնտեղից հայությանը հեռացնելն է։

«Լինի դա սովամահության, սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով»,– շեշտեց Փաշինյանը։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։

armeniasputnik.am