Վիկտոր Կրիվոպուսկով․ Ես պաշտպանելու եմ Հայաստանն ու Ղարաբաղը
https://parstoday.ir/hy/news/armenia-i205038-Վիկտոր_Կրիվոպուսկով_Ես_պաշտպանելու_եմ_Հայաստանն_ու_Ղարաբաղը
Հայաստանի իշխանությունների գործողությունները կարելի է անվանել պետական ահաբեկչություն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հետ բարեկամության ռուսաստանյան ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2023 08:43 Asia/Tehran
  • Վիկտոր Կրիվոպուսկով․ Ես պաշտպանելու եմ Հայաստանն ու Ղարաբաղը

Հայաստանի իշխանությունների գործողությունները կարելի է անվանել պետական ահաբեկչություն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հետ բարեկամության ռուսաստանյան ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր վաղ առավոտյան Երևան ժամանած ռուս հեղինակավոր գործչին, առանց պատճառաբանության, թույլ չեն տվել մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք։

«Իրավիճակը չբացատրեցին։ Անձնագրային ստուգման ժամանակ վերցրեցին անձնագիրս, ինձ տարան հերթապահ սենյակ, որտեղ մնացի 4 ժամ։ Քանի որ ժամանել էի առավոտյան ժամը 6-ի սահմաններում, նրանք սպասում էին իշխանությունների հայտնվելուն։ Ինձ ճանաչեցին, ասացին, որ «այս հարցերը լուծելն իրենց ուժերից վեր է»։ Վերջում ինձ տարան ժամանման սրահ, որտեղից  չէի կարող  դուրս գալ, քանի որ անձնագիրս նրանց մոտ էր, իսկ նրանք սկսեցին զբաղվել իմ  հետդարձի տոմսով։ Պետք է մեկնեի օգոստոսի 30-ին «Աերոֆլոտի»  չվերթով։ Ներգրավվեցին Ռուսաստանի Դաշնության դեսպանը, Հայաստանի հասարակական և քաղաքական գործիչները»,- պատմել է Վիկտոր Վլադիմիրովիչը։

«Մենք բոլորս հիանալի հասկանում ենք, թե դա ինչին է ուղղված։ Նախ, դա կարելի է անվանել պետական ​​ահաբեկչություն։ Եթե ​​Զատուլինին ու Մարգարիտա Սիմոնյանին զգուշացրել էին իրենց անցանկալի լինելու մասին, ինձ ոչ ոք չի զգուշացրել։ Ես եկել եմ մի երկիր, որը սիրում եմ, ես ավելի քան 30 տարի պաշտպանել և պաշտպանում եմ այդ երկրի ժողովրդին և ղեկավարում եմ Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական հասարակական կազմակերպությունը։ Խիղճ  պետք է ունենային Հայաստանի քաղաքական և պետական ​​այրերը, որպեսզի մեկնելուցս տեղեկացնեին, որ Կրիվոպուսկովը անցանկալի անձ  է հայ ժողովրդի համար»,- շարունակել է զրուցակիցը՝ նշելով, որ, «ըստ ամենայնի, ես հայց կպատրաստեմ ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության»։

«Առաջինը Զատուլինն էր, հետո Մարգարիտա Սիմոնյանը, հիմա էլ՝ ես։ Կարելի է պատկերացնել, թե Փաշինյանը ինչ ուրախություն պարգևեց Ալիևին ու Էրդողանին։ Գրեթե իմ ամբողջ կյանքը կապված է Հայաստանի և հայ ժողովրդի հետ՝ դրանից բխող բոլոր հանգամանքներով՝ սկսած Ղարաբաղից։ Բոլոր դժվարին ժամանակաշրջաններում ես արտահայտվել, արտահայտվում և արտահայտվելու եմ  ի պաշտպանություն Հայաստանի, չնայած նրան, որ Փաշինյանը սադրանքներ է գործում Ռուսաստանի դեմ։ Ես ինձ համարում եմ  ռուսական քաղաքականության անբաժանելի մաս։ Այնպես որ, տեղի ունեցածն աննախադեպ է։  (Փաշինյանը - խմբ.) գնում է խզման...Անգամ այսպիաի ամոթալի փաստերով։ Իսկ ՌԴ ղեկավարությունը ներոողամտությամբ է վերաբերվում Փաշինյանին։ Նրան ամեն ինչ են ներում, նույնիսկ ուսին թփթփացնելով՝  քաջալերում են»,- կարծում է Վիկտոր Կրիվոպուսկովը։

Հարցին, թե տեղի ունեցածը տեղավորվում է Հայաստանի իշխանությունների՝ Ղարաբաղից հրաժարվելու ընդհանուր պատկերի մեջ, զրուցակիցն ընդգծել է. «Ղարաբաղի վերաբերյալ իմ դիրքորոշումը հայտնի է, իմ մասնակցությունը Խորհրդային Միության վերջին շրջանում, իմ «Խռովահույզ Ղարաբաղ» գիրքը։ Հասկանալի է, որ անգլոսաքսերը ոչինչ չեն ներում։ Ինքը՝ Փաշինյանը, դժվար թե կարդացած լինի իմ գիրքը, ավելի քան վստահ եմ, որ տեղի ունեցածը ամերիկացիներն են թելադրել։  Եվ նա դա փայլուն կատարեց՝ հուրախություն Ալիևի ու Էրդողանի, օգտագործեց առիթը՝ ծաղրելու և՛ ինձ, և՛ Ռուսաստանին»։

Առաջիկա օրերին Վիկտոր Կրիվոպուսկովը մտադիր է հանդիպումներ ունենալ ԶԼՄ-ների հետ և ասուլիսներ հրավիրել, և «այս խնդիրը պետք է Ռուսաստանի Դաշնության ղեկավարության դիտարկման հարց դառնա»։

Երևանում, որտեղ Կրիվոպուսկովը երկու տարի չէր եղել,   պատրաստվում էր հանդիպել ընկերների հետ և մասնակցել Հայ-ռուսական բարեկամության և համագործակցության ընկերության շնորհանդեսին։ «Ուղևորությունը, թեև  կարճատև, բայց ինձ համար  շատ նշանակալի պետք է լիներ»,- եզրափակել է  Վիկտոր Կրիվոպուսկովը։

news.am