Ղարաբաղի հայերը հրաժարվում են ընդունել Բաքվից Ստեփանակերտ ուղարկված ալյուրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i205274-Ղարաբաղի_հայերը_հրաժարվում_են_ընդունել_Բաքվից_Ստեփանակերտ_ուղարկված_ալյուրը
Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ղեկավարի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտարարել է, որ Ադրբեջանի մարդասիրական օգնությունը Ստեփանակերտին միտված է առկա խնդիրների խորացմանը, ոչ թե դրանց լուծմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2023 13:51 Asia/Tehran
  • Ղարաբաղի հայերը  հրաժարվում են ընդունել Բաքվից Ստեփանակերտ ուղարկված ալյուրը

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ղեկավարի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտարարել է, որ Ադրբեջանի մարդասիրական օգնությունը Ստեփանակերտին միտված է առկա խնդիրների խորացմանը, ոչ թե դրանց լուծմանը։

Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը Ստեփանակերտ է ուղարկել 40 տոննա ալյուրի արտադրանք, որի տեսագրությունը հեռարձակվել է այդ երկրի լրատվամիջոցներով։ Այս կազմակերպության ղեկավարությունը պնդել է, որ այդ օգնությունները տեղ հասցնելու համար պետք է օգտագործվի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանը Ստեփանակերտ է ուղարկել 361 տոննա մարդասիրական օգնություն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ օգնությունն ուղարկվել է Լաչինի ճանապարհով, սակայն հայտարարվել է, որ Բաքուն հրաժարվել է փոխադրել ուղարկված օգնությունը, իսկ բեռնված բեռնատարները մնացել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ,  Ղարաբաղի տարածաշրջանի «Արցախպրես» լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Բաքվի կողմից ուղարկված մարդասիրական օգնությունը համաձայնեցված չէ Ղարաբաղի հայերի հետ։

«Եթե Բաքուն իսկապես շահագրգռված էր Արցախի (Ղարաբաղի) հումանիտար աղետի վերացման հարցում, ապա չպետք է արգելեր Լաչինի միջանցքով բեռների փոխադրումը»- նշել է Ղարաբաղի տարածաշրջանի ղեկավարի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

Ղարաբաղի տարածաշրջանի ղեկավար Արայիկ Հարությունյանը երեկ (երեքշաբթի) ասել էր, որ պարենային ապրանքները Ղարաբաղ տեղափոխվում են միայն Լաչինի միջանցքով։

Անցած գիշեր Ասկերանում ղարաբաղցի հայ բնակիչները, բողոքելով Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության կողմից ուղարկված մարդասիրական օգնության դեմ, հայտարարել էին, որ Ղարաբաղի բնակիչները չեն ուզում Բաքվից Աղդամի ճանապարհով ուղարկվող օգնությունը։

Երևանի իշխանությունները ընդգծում են, որ 2020 թվականի եռակողմ հայտարարության մեջ նշված է միայն Լաչինի միջանցքը՝ որպես իրենց և Ղարաբաղի միջև կապող ճանապարհ, իսկ Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը փակված է անցած դեկտեմբերից։