Ռազմական համագործակցության համաձայնագիր. Հունաստանը միջոցներ կտրամադրի՝ Հայաստանում զինամթերքի արտադրության համար
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Հունաստանի կառավարութունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հունաստանը պետք է Հայաստանին տեխնիկական միջոցներ տրամադրի՝ Հայաստանում զինամթերքի արտադրության համար։
«Համաձայնագիրը ներառում է համագործակցության այնպիսի կարեւորագույն ոլորտներ, ինչպիսիք են՝ զենք, զինամթերք եւ պայթուցիկ նյութեր արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում եւ տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության եւ փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների եւ դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում:
Համաձայնագրի դրույթներով սահմանվում են կողմերի միջև համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ պաշտպանական կարողություններն ուժեղացնելու նպատակով նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքի հետազոտությունների խթանում, զարգացման և արտադրության ոլորտներում համագործակցություն՝ կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան:
Համաձայնագիրը նախատեսում է դրույթներ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման միջոցների վերաբերյալ, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի վերապատրաստում, երրորդ երկրներում արտադրված ռազմական նշանակության ապրանքների վերանորոգման և շահագործման հետ կապված ծառայությունների մատուցում:
Համաձայնագիրն իրականացնելու և համագործակցությունը դյուրացնելու նպատակով նախատեսվում է ստեղծել հայ-հունական հանձնաժողով, որը պետք է իրականացնի Համաձայնագրի գնահատում, համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առաջարկությունների, գերակայությունների ներկայացում, իր աշխատանքային ժամանակացույցի հաստատում:
news.am