Հունվարի 1–ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i206732-Հունվարի_1_ից_Արցախի_Հանրապետությունը_կդադարի_գոյություն_ունենալ._Արցախի_նախագահի_հրամանագիրը
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։ Այս մասին հրամանագիր է ստորագրել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Սեպտեմբեր 28, 2023 06:57 Asia/Tehran
  • Հունվարի 1–ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը

Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։ Այս մասին հրամանագիր է ստորագրել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Փաստաթղթում նշվում է, որ այս ամենն արվում է ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակից, Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից ելնելով։ Պետական հիմնարկները կլուծարվեն` նաև հաշվի առնելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ ապահովվում է  Արցախի  բնակիչների, այդ թվում՝ զենքը վայր դրած զինծառայողների, իրենց գույքով իրենց տրանսպորտային միջոցներով Լաչինի միջանցքով ազատ, կամավոր և անարգել երթևեկությունը:

«Մինչև 2024թհունվարի 1-ը լուծարվում են գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և ԱրցախիՀանրապետությունը դադարեցնում է իր գոյությունը։ Արցախի բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի ներկայացրած վերաինտեգրման պայմաններին՝ ապագայում Արցախում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անհատական որոշում կայացնելու նպատակով»,– ասված է հրամանագրում։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին   հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։