Ադրբեջանն ու Թուրքիան չեն մասնակցի Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը
70-ից ավելի երկրներ հայտ են ներկայացրել՝ մասնակցելու Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը՝ նշելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի մարզիկները չեն մասնակցելու։
Նրա խոսքով՝ սամբոյի միջազգային ֆեդերացիայի օրացույցում մեծահասակների աշխարհի առաջնությունը տարվա խոշորագույն միջոցառումն է։
«500-ից ավելի մարզիկ, 2500-ից ավելի հյուր կընդունենք Հայաստանում։ Մեր կազմում աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիրներ են ընդգրկված, ունենք լավ մարզիկներ, որոնք լավ են պատրաստ աշխարհի առաջնությանն ու վստահ եմ՝ բարձր կպահեն մեր երկրի պատիվը։ Շատ երկար ենք պատրաստվել այս մրցումներին․ անկասկած՝ արդյունքներ ոնենալու ենք։ Կազմակերպչական առումով ևս ամեն ինչ ընթանում է նախատեսվածի պես։ Նախորդ տարի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը մեր միջազգային գործընկերների գնահատմամբ փայլուն ենք անցկացրել։ Վստահ եմ՝ այս տարի ևս պատվով կկատարենք մեր առջև դրված խնդիրը, ու այս առումով Հայաստանի կառավարության, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու պետական մյուս գերատեսչությունների աջակցությունն անգնահատելի է։ Ամեն ինչ արվում է, որպեսզի այս առաջնությունն անցկացվի շատ բարձր մակարդակում»,- ասում է Միքայել Հայրապետյանը։
Հիշեցնենք՝ սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 10-12-ը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։