Փարիզում կայացել է Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i208928-Փարիզում_կայացել_է_Հայաստանի_վարչապետի_և_Ֆրանսիայի_նախագահի_հանդիպումը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 10, 2023 11:02 Asia/Tehran
  • Փարիզում կայացել է Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Հանդիպմանն Էմանուել Մակրոնը   շեշտել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին` հետագա զարգացման ու առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը   կարևորել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացումը բոլոր ոլորտներում և շեշտել ՀՀ կառավարության շահագրգռվածությունն այդ հարցում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ տեղ գտած սկզբունքների կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում:

Քննարկվել են նաև տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում հայ-ֆրանսիական հետագա համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետևողականորեն շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: