Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը՝ խաղաղության հիմնական սկզբունքների շուրջ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է,որ Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են:
Երեկ Երևանում մեկնարկել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին հանդես է եկել ելույթով։ ՀՀ Վարչապետն իր ելույթում ասել է,-«Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացի մասին մենք և՛ լավ լուրեր ունենք, և՛ վատ լուրեր։ Լավ լուրն այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են»:
«Դա տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումների արդյունքներով»,- ասել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև ասել է,-«Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ, և ըստ էության, պաշտոնական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»: Եվ այս հայեցակարգն ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում, պետական լրատվամիջոցներով: Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում, և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է»:
Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղյան հարցը ծագել է 1917 թվականին Ռուսական կայսրության փլուզումից հետո։ Ադրբեջանն այդ թվականից հետո հավակնություններ է ներկայացրել Ղարաբաղի նկատմամբ։ 1990-ականների սկզբին տեղի ունեցած պատերազմի արդյունքում Ղարաբաղն անջատվեց Ադրբեջանից։ Իսկ 2020 թվականին Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանը հետ վերցրեց Ղարաբաղի տարածքների մի մասը, իսկ վերջերս Բաքվի կողմից Ղարաբաղի մնացած հատվածների վրա իրականացված հարձակումներից հետո, 120 հազար հայ գաղթեց Ղարաբաղից Հայաստան։ Հայաստանը բազմիցս Ադրբեջանին մեղադրել է ցեղասպանության մեջ։