«Միջին միջանցքի» հրավեր. Հայաստանը կարո՞ղ է Անդրկասպյան ճանապարհի մի մասը դառնալ
(last modified Sun, 03 Dec 2023 15:45:03 GMT )
Դեկտեմբեր 03, 2023 19:15 Asia/Tehran
  • «Միջին միջանցքի» հրավեր. Հայաստանը կարո՞ղ է Անդրկասպյան ճանապարհի մի մասը դառնալ

Եթե Հայաստանն իրագործի իր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կարող է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի (ԱԿՄՏՄ) մասնակից դառնալ, որը հայտնի է նաև «Միջին միջանցք» անվանումով։

ԱԿՄՏՄ-ն միջազգային տրանսպորտային միջանցք է, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովի ջրատարածքով, Ադրբեջանով, Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա և եվրոպական երկրներ: Մինչև վերջերս Երևանը «Միջին միջանցքի» նախագծում չէր տեղավորվում ո՛չ աշխարհագրական, ո՛չ քաղաքական տեսանկյունից։ Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում հայկական կողմը երթուղուն միանալու մի քանի առաջարկ է ստացել ինչպես Անկարայից, այնպես էլ Թբիլիսիից։

Երևանը «Միջին միջանցքին» միացնելու հարցը նոր հնչեղություն ստացավ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների արգելափակման մասին խոսակցությունների ֆոնին: Այդ մասին նորից սկսեցին խոսել, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

Հայաստանը պատրաստ է 7 անցակետ տեղադրել Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններին:

Ադրբեջանի հետ՝ Կայան գյուղի մոտ (Տավուշ), Սոթքում (Գեղարքունիք), Քարահունջի և Անգեղակոթի մոտ (Սյունիք), Երասխում (Արարատ),

Թուրքիայի հետ ՝ Ախուրիկի (Շիրակ) և Մարգարայի (Արմավիր) հատվածներում։

Երևանը նախատեսում է նաև վերականգնել 130 կմ ընդհանուր երկարությամբ չորս երկաթուղային հատված ՀՀ տարածքում` Նռնաձոր-Ագարակ (43 կմ), Երասխից մինչև Նախիջևանի սահման (1 կմ), Գյումրիից մինչև Թուրքիայի սահման երկաթուղու ավերված հատվածներ (6 կմ), Հրազդանից Կայան երկաթուղու մաշված հատվածներ (80 կմ): «Խաղաղության խաչմերուկի» ամբողջական վերակառուցումը, ըստ ֆինանսների նախարարության նախնական գնահատման, 500 միլիոն դոլար կարժենա:

Տեսականորեն Հայաստանն  կարող էր «Միջին միջանցքի» մաս դառնալ, եթե ավարտեր Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը։ Սակայն Երևանի միացումը նախագծին գործնականում առավել ընդունելի է երկաթուղային գծի միջոցով։

Վրաստանի տրանսպորտային միջանցքների հետազոտման կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ վերջին իրադարձությունների ֆոնին Երևանի՝ ԱԿՄՏՄ-ին միանալու շանսերն աճել են։

Սակայն այդ նպատակով նա առավել ընդունելի է համարում Հայաստանի տարածքում երկաթուղային գծերի վերականգնումը։ Փորձագետը պարզաբանեց, որ ԱԿՄՏՄ-ի նպատակը երթուղիների առավելագույն համաժամանակացումն է և դրանով բեռների տեղաշարժի պարզեցումը: Այս դեպքում առավել ընդունելի է երկրներում երկաթուղային ուղու համաժամանակացումը։

Ցագարեիշվիլիի խոսքով՝ Երևանը կարող է «Միջին միջանցքին» միանալ Կայան-Հրազդան ճյուղով։

Այդ դեպքում բեռները Չինաստանից Կասպից ծովով կհասնեն Ադրբեջան, այնտեղից երկաթուղային ճյուղով՝ Հայաստան, այնուհետև՝ Թուրքիա (Ախուրիկով)։ ԱԿՄՏԿ-ի առանձին ճյուղավորում էլ կարող է լինել դեպի Վրաստան և Իրան (Սյունիքի մարզում երկաթուղու վերականգնման դեպքում): Տեսականորեն նույն Չինաստանից, Պարսից ծոցի ավազանի երկրներից, Հնդկաստանից ապրանքները կարող են կոնտեյներներով հասնել իրանական «Չաբահար» նավահանգիստ, այնուհետև Իրանից Հայաստան և այստեղից Եվրոպա՝ Սևծովյան ավազանի նավահանգիստներով։ Այս դեպքում Հայաստանը կապող օղակ կդառնա ոչ միայն մի քանի երկրի, այլև մի քանի տրանսպորտային միջանցքների համար։

Փորձագետը կարծում է, որ Հայաստանը կարող է ԱԿՄՏՄ-ին միանալ նաև առանց երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման։ Օրինակ` Երևանը Վրաստանի հետ համագործակցությամբ կարող է օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղուց։ Հիմա ԲԹԿ-ն մեզ համար անհասանելի է, քանի որ Բաքուն չի ցանկանում, որ հայկական բեռներն անցնեն այդ երթուղով։ Հարցը կարող է լուծվել միայն այն դեպքում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն ձեռք բերեն։

Ինչ վերաբերում է Հայաստանից Իրան երկաթուղու վերականգնմանը, ապա Ցագարեիշվիլին դա կարևոր է համարում ոչ միայն Երևանի, այլև Թբիլիսիի համար: Քանի որ այդ դեպքում Վրաստան ապրանքներ կմատակարարվեն ոչ միայն Հայաստանից, այլև Իրանից և Պարսից ծոցի ավազանի այլ երկրներից։

Այս պահին Հայաստանից Իրան երկաթուղու վերականգնումն անիրատեսական է առանց խոշոր ներդրումների, քանի որ նախագծի իրականացումը, ըստ նախնական հաշվարկների, ավելի քան 1 մլրդ դոլար կարժենա:

Փորձագետը նշեց, որ վերջին իրադարձությունների ֆոնին Հայաստանը սկսում են ավելի շատ ընկալել որպես տարանցիկ հանգույց։ Սակայն որպեսզի այս ամենն իրականություն դառնա, Հայաստանը պետք է մի շարք լոգիստիկ և ենթակառուցվածքային խնդիրներ լուծի, իրականացնի դրված նպատակները։

Հիշեցնենք, որ Չինաստանն ու Եվրոպան կապող «Միջին միջանցքի» նպատակն է վերակենդանացնել պատմական Մետաքսի ճանապարհը (Չինաստան, Ղազախստան, Թուրքմենստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա-ԵՄ): Նրա դերը արդիական դարձավ «The Ever Given» կոնտեյներային նավի հետ կապված միջադեպից հետո (նավի պատճառով փակվել էր Սուեզի ջրանցքով հաղորդակցությունը)։ Միջանցքը նաև որպես շահավետ այլընտրանք է դիտարկվում ՌԴ-ով անցնող «Հյուսիսային երթուղուն» և Իրանի տարածքով անցնող «Հարավային միջանցքին»: