Հույս ունենք` տարածաշրջանի դեպքերը միտումնավոր չեն ձգձգի խաղաղության գործընթացը. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i211016-Հույս_ունենք_տարածաշրջանի_դեպքերը_միտումնավոր_չեն_ձգձգի_խաղաղության_գործընթացը._Փաշինյան
ՀՀ վարչապետի խոսքով` եթե խաղաղության գործընթացի ձգձգման տեսակետներն ավելի շատ հիմնավորումներ ստանան, շատ խորը մտահոգությունների առարկա կլինեն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2023 04:06 Asia/Tehran

ՀՀ վարչապետի խոսքով` եթե խաղաղության գործընթացի ձգձգման տեսակետներն ավելի շատ հիմնավորումներ ստանան, շատ խորը մտահոգությունների առարկա կլինեն։

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.Խաղաղության օրակարգը շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելության ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
 

«Մենք, ինչպես արդեն ասվել է բազմիցս, շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների շրջանակներում: Հույս ունենք, որ վերջին շրջանում տարածաշրջանում և տարածաշրջանի երկրներում տեղի ունեցող իրադարձությունները վերջնարդյունքում չեն վկայի այն մասին, որ տեղի է ունենում խաղաղության գործընթացի միտումնավոր ձգձգում: Եթե, իհարկե, այդպիսի տեսակետներն ավելի շատ հիմնավորումներ ստանան, շատ խորը մտահոգությունների առարկա պետք է լինեն»,– հայտարարել է Փաշինյանը:

Անդրադառնալով դիվանագիտական ծառայությանը` նա նշել է, որ վերջին տարիներին որոշ ուղղություններով շոշափելի փոփոխություններ են արվել դիվանագիտական ծառայության կարողություններն ուժեղացնելու համար:

«Արտաքին քաղաքական որոշումները պետք է սերտորեն փոխկապակցված լինեն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման շահերի հետ, և ակնհայտորեն այդ որոշումները պետք է բխեն Հայաստանի պետական շահերից»,– ընդգծել է ՀՀ վարչապետը:

Ըստ նրա` ինչպես մնացած բոլոր դեպքերում, այստեղ ևս գործողությունների տրամաբանությունը և որոշումների կայացումը միակողմանի չէ, և բոլոր դեպքերում մեր ձգտումն է ունենալ բնականոն, հավասարակշռված հարաբերություններ, որտեղ երկրների շահերը և հետաքրքրությունները փոխադարձաբար հաշվի են առնված:

Այս առումով, Փաշինյանի խոսքով, 2023 թ–ին ՀՀ իշխանությունները շատ ակտիվ համագործակցություն են ունեցել նաև Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ: