Ձկնորսները հայհոյել են ոստիկաններին և պարեկներին, նետել են բենզինով լցված շշեր. ՔԿ
Ձերբակալվել է 26 անձ զանգվածային խուլիգանության, պաշտոնատար անձանց ծառայողական պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու համար։
Գեղարքունիքում ձկնորսները զանգվածային խուլիգանություն են կատարել, բռնություն են կիրառել ծառայողական պարտականություններն իրականացնող պաշտոնատար անձնանց նկատմամբ. ձերբակալվել է 26 անձ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։
Նշվում է, որ երեկ` դեկտեմբերի 19–ին ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ, 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում, որի ժամանակ նրանց է մոտեցել 200 ձկնորսական նավակ։
«Դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Խուլիգանություն կատարող անձանց հորդորել են դադարեցնել անօրինական գործողությունները և ենթարկվել իրենց օրինական պահանջներին։ Սակայն նավակներով մոտեցած անձինք շարունակել են ագրեսիվ գործողությունները, նրանցից մեկը դանակով կտրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի հետնամասից կապված նավակին պահող պարանը և նավակը տարել: Պարեկային ծառայողների կողմից մոտ 2 կմ հետապնդվելուց հետո ձկնորսները հեռացել են:
Sputnik.