Իրանի ԱԳՆ․ Իրանի օրինական պաշտպանության համար կօգտագործենք բոլոր միջոցները
Իրանի ԱԳՆ-ն հրապարակել է հայտարարություն, որում, բարձր գնահատելով երկրի զինված ուժերի գործունեությունը, ընդգծել է, որ իրանցիները շարունակելու են հզոր և հերոսական կերպով պաշտպանել երկրի պետականությունն ԱՄՆ-ի անօրինական սպառնալիքների և հարձակումների դեմ։
Pars Today-ի հաղորդմամբ՝ նախարարությունը նշել է, որ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ագրեսիայի պայմաններում Իրանը կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ իր իրավունքների, շահերի և ազգային անվտանգության օրինական պաշտպանության համար։
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ծովային շրջափակման շարունակումը, անօրինական սպառնալիքները և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները «ագրեսիայի ակնհայտ դրսևորումներ» են և հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը։
Հայտարարության մեջ քննադատվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լռությունն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անգործությունը ԱՄՆ-ի ագրեսիայի նկատմամբ՝ ընդգծելով, որ դա հակասում է այդ կառույցների օրինական պարտականություններին։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը, անդրադառնալով Հորմուզի նեղուցում իրավիճակի ապակայունացման գործում ԱՄՆ-ի դերակատարությանը և լարվածության սրմանը, հայտարարել է, որ նավերի անցման վերաբերյալ ներկայացվող պատճառաբանությունները քողածածկույթ են Իրանի դեմ ռազմական գործողությունների և ճնշումների համար։
Հայտարարության մեջ նաև ընդգծվել է, որ Իրանը, դատապարտելով ԱՄՆ-ի ագրեսիան, վերահաստատում է հարևան երկրների հետ բարեկամական հարաբերությունների պահպանման, ինչպես նաև երկրի անկախության, ազգային արժանապատվության և ինքնիշխանության պաշտպանության իր հանձնառությունը։ Նշվում է նաև, որ տարածաշրջանի պետություններն ունեն իրավական, կրոնական և բարոյական պարտավորություն՝ կանխելու, որ ԱՄՆ-ն և սիոնիստական ռեժիմը իրենց տարածքն ու հնարավորություններն օգտագործեն Իրանի դեմ հարձակման նպատակով։
Արաղչիի նախազգուշացումը ագրեսորների հետ տարածաշրջանի երկրների համագործակցության վերաբերյալ
Այս համատեքստում Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհանի հետ՝ քննարկելով տարածաշրջանում ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի շարունակվող դավադրություններն ու ագրեսիվ գործողությունները։
Ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության լիակատար պատրաստակամությունը՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու ազգային անվտանգությունը, Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ցանկացած ագրեսիա, թշնամական գործողություն կամ տարածաշրջանի երկրների մասնակցությունն ու աջակցությունը դրանց կհանդիպեն Իրանի հզոր զինված ուժերի վճռական և համարժեք պատասխանին, իսկ նման արկածախնդրությունների բոլոր հետևանքների պատասխանատվությունը կկրեն դրանց նախաձեռնողները։