Ձկնորսները հայհոյել են ոստիկաններին և պարեկներին, նետել են բենզինով լցված շշեր. ՔԿ
https://parstoday.ir/hy/news/armenia-i211086-Ձկնորսները_հայհոյել_են_ոստիկաններին_և_պարեկներին_նետել_են_բենզինով_լցված_շշեր._ՔԿ
Ձերբակալվել է 26 անձ զանգվածային խուլիգանության, պաշտոնատար անձանց ծառայողական պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2023 10:21 Asia/Tehran
  • Ձկնորսները հայհոյել են ոստիկաններին և պարեկներին, նետել են բենզինով լցված շշեր. ՔԿ

Ձերբակալվել է 26 անձ զանգվածային խուլիգանության, պաշտոնատար անձանց ծառայողական պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու համար։

Գեղարքունիքում ձկնորսները զանգվածային խուլիգանություն են կատարել, բռնություն են կիրառել ծառայողական պարտականություններն իրականացնող պաշտոնատար անձնանց նկատմամբ. ձերբակալվել է 26 անձ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։

Նշվում է, որ երեկ` դեկտեմբերի 19–ին ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ, 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում, որի ժամանակ նրանց է մոտեցել 200 ձկնորսական նավակ։

«Դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,–նշվում է հաղորդագրության մեջ։

Խուլիգանություն կատարող անձանց հորդորել են դադարեցնել անօրինական գործողությունները և ենթարկվել իրենց օրինական պահանջներին։ Սակայն նավակներով մոտեցած անձինք շարունակել են ագրեսիվ գործողությունները, նրանցից մեկը դանակով կտրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի հետնամասից կապված նավակին պահող պարանը և նավակը տարել: Պարեկային ծառայողների կողմից մոտ 2 կմ հետապնդվելուց հետո ձկնորսները հեռացել են:

Sputnik.