Սահմանազատման հարցը կարելի է նաև խաղաղության պայմանագրից անջատ քննարկել․ Սիմոնյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i211194-Սահմանազատման_հարցը_կարելի_է_նաև_խաղաղության_պայմանագրից_անջատ_քննարկել_Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ կարելի է սահմանազատման հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագրից տարանջատել և առանձին քննարկել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2023 09:54 Asia/Tehran
  • Սահմանազատման հարցը կարելի է նաև խաղաղության պայմանագրից անջատ քննարկել․ Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ կարելի է սահմանազատման հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագրից տարանջատել և առանձին քննարկել։

Այդ մասին նա հայտարարեց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե սահմանների սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրից։

«Մենք կարող ենք դիտարկել նման գործելաոճ, որովհետև դա ժամանակային առումով կարող է շատ ավելի երկար, նույնիսկ տարիներ տևել։ Իրական խաղաղության գնացող երկիրը որևիցե խոչընդոտ չի տեսնի նման բաների մեջ, կարծում եմ` այո՛, ինչ-որ հարցեր ֆիքսելուց, խաղաղության պայմանագիրը կնքելուց, հասարակություններին խաղաղության մթնոլորտ բերելուց հետո կարող է նման բան լինել»,- հայտարարեց Սիմոնյանը։

Հիշենենք` Վրաստանում անցկացված «Մետաքսի ճանապարհ» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծ իրականացնել տարածաշրջանում։ Նա ընդգծեց, որ դրանով արձանագրվում է հետևյալը` կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է սահմանային և մաքսային հսկողություն։ Բացի դրանից, կողմերից յուրաքանչյուրն ապահովում է նաև կոմունիկացիաների անվտանգությունը (խոսքը խողովակաշարերի, մալուխների, ճանապարհների, ավիահաղորդակցության ուղիների մասին է), ինչպես նաև բեռների անվտանգ անցումը։

armeniasputnik.am