Հայաստանի պաշտպանության նախարարն այցելել է արևելյան սահմանագոտի
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 30-ին այցելել է Հանրապետության արևելյան սահմանագոտի, եղել արդեն շահագործման հանձնված մոդուլային տիպի զորամասերից մեկում, շրջել և տեղում ծանոթացել մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին ու կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նույն օրը նախարար Պապիկյանը շրջել է առաջնագծի բարձրադիր հենակետերով, հանդիպել մարտական հերթապահությունում Ամանորի գիշերը դիմավորել պատրաստվող ժամկետային զինվորներին։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զինծառայողներին շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ, հետաքրքրվել նրանց ծառայությամբ, տրամադրությամբ և մաղթել զգոն ու անփորձանք ծառայություն։
Շնորհակալություն հայտնելով բարեխիղճ և պատասխանատու ծառայության համար՝ նախարար Պապիկյանը մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին խրախուսել է արժեքավոր նվերներով։
Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև այդ օրը ժամկետային երկամյա ծառայությունն ավարտած զինվորներին, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար՝ նրանց անձամբ հանձնելով զինվորական գրքույկները։
https://www.armenpress.am/arm/news/1127243.html