Հայաստան-Ադրբեջան սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկությունն ուժի մեջ է. ՀՀ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i211924-Հայաստան_Ադրբեջան_սահմանից_զորքերի_հայելային_հետքաշման_առաջարկությունն_ուժի_մեջ_է._ՀՀ_ԱԳՆ
Երկու երկրների սահմանից զորքերի դուրսբերումը պետք է տեղի ունենա ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի վերջին քարտեզների հիման վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2024 14:02 Asia/Tehran
  • Հայաստան-Ադրբեջան սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկությունն ուժի մեջ է. ՀՀ ԱԳՆ

Երկու երկրների սահմանից զորքերի դուրսբերումը պետք է տեղի ունենա ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի վերջին քարտեզների հիման վրա։

Հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային դուրսբերման առաջարկը մնում է ուժի մեջ: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքում հայկական կողմը մշտապես հանդես է եկել Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկությամբ, և դա շարունակում է մնալ ուժի մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է օր առաջ ներգրավվել դրա իրականացման շուրջ քննարկումներում:

«Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ընդգծել է, որ զորքերի հայելային հետքաշումը պետք է տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանից` հիմք ընդունելով Խորհդային Միության Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզները»,–նշված է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ից չեն մեկնաբանել, թե խաղաղության պայմանագրի որ ձևակերպումների շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն հասել վերջնական համաձայնության։

ԱԳՆ–ից նաև հայտնում են, որ Հայաստանի համար առաջնային է երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը` հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա:

Նախօրեին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային դուրսբերման շուրջ բանակցությունները շարունակվում են։

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Բաքուն և Երևանը քննարկում են պայմանական սահմանից զորքերը դուրս բերելու հայկական նախաձեռնությունը։ Բաքուն մերժել էր այս առաջարկը։