Անդրանիկ Քոչարյանը հնարավոր է համարում մոտ ապագայում ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերումը
Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հնարավոր է համարում մոտ ապագայում Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերումը:
Քոչարյանը նման կարծիք հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Հարցին, թե մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ է, որ ադրբեջանական ուժերը դուրս կգան ՀՀ տարածքից՝ Քոչարյանը դրական պատասխան տվեց: «Այո: Նախ պետք է փորձել խաղաղ ճանապարհով»,-հավելեց Քոչարյանը:
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչն է ստիպելու Ադրբեջանին դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից՝ Քոչարյանը պատասխանեց. «Մեր պետության ուժեղացումը, մեր անվտանգային համակարգի ուժեղացումը: Ամեն օր պետք է արթնանալ և կատարել այն խնդիրները, որոնք մեր երկրի անվտանգությունն ուժեղացնում են»:
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ամեն ինչ պետք է միտված լինի վաղվան:
«Մենք ունենք կորուստներ, և հիմա ամեն օր մենք մեր անվտանգային միջավայրը պետք է ուժեղացնենք»,-նշեց Քոչարյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Բաքուն մտադիր չէ զորքերը հայելային կերպով հետ քաշել սահմանից` ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց, որ Ալիևի ամեն ասածին պետք է լուրջ վերաբերվել։
«Եթե ասում է, ուրեմն պետք է լուրջ վերաբերվել։ Եթե նույնիսկ ասում է իր ներքին լսարանի համար, էլի պետք է լուրջ վերաբերվենք, մեր խնդիրը մեր երկրի ամրություններն ամրապնդելն ու ուժեղացելը պետք է լինի»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի մյուս հայտարարությանը, թե Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքելու հարցում երաշխավորներ պետք չեն, Քոչարյանն այսպես արձագանքեց. «Շատ գայթակղիչ առաջարկ է»։
Նա հավելեց, որ Ադրբեջանը շատ ցանկություններ կարող է ունենալ, այլ բան է` Հայաստանը այդ ցանկությունները կանխելու հնարավորություն ստեղծել է, թե ոչ։