Անդրանիկ Քոչարյանը հնարավոր է համարում մոտ ապագայում ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i212188-Անդրանիկ_Քոչարյանը_հնարավոր_է_համարում_մոտ_ապագայում_ՀՀ_տարածքից_ադրբեջանական_ուժերի_դուրսբերումը
Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հնարավոր է համարում մոտ ապագայում Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերումը:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Հունվար 11, 2024 14:56 Asia/Tehran
  • Անդրանիկ Քոչարյանը հնարավոր է համարում մոտ ապագայում ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերումը

Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հնարավոր է համարում մոտ ապագայում Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերումը:

Քոչարյանը նման կարծիք հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Հարցին, թե մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ է, որ ադրբեջանական ուժերը դուրս կգան ՀՀ տարածքից՝  Քոչարյանը դրական պատասխան տվեց: «Այո: Նախ պետք է փորձել խաղաղ ճանապարհով»,-հավելեց Քոչարյանը:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչն է ստիպելու Ադրբեջանին դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից՝ Քոչարյանը պատասխանեց. «Մեր պետության ուժեղացումը, մեր անվտանգային համակարգի ուժեղացումը: Ամեն օր պետք է արթնանալ և կատարել այն խնդիրները, որոնք մեր երկրի անվտանգությունն ուժեղացնում են»:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ամեն ինչ պետք է միտված լինի վաղվան:

«Մենք ունենք կորուստներ, և հիմա ամեն օր մենք մեր անվտանգային միջավայրը պետք է ուժեղացնենք»,-նշեց Քոչարյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Բաքուն մտադիր չէ զորքերը հայելային կերպով հետ քաշել սահմանից` ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց, որ Ալիևի ամեն ասածին պետք է լուրջ վերաբերվել։

«Եթե ասում է, ուրեմն պետք է լուրջ վերաբերվել։ Եթե նույնիսկ ասում է իր ներքին լսարանի համար, էլի պետք է լուրջ վերաբերվենք, մեր խնդիրը մեր երկրի ամրություններն ամրապնդելն ու ուժեղացելը պետք է լինի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի մյուս հայտարարությանը, թե Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքելու հարցում երաշխավորներ պետք չեն, Քոչարյանն այսպես արձագանքեց. «Շատ գայթակղիչ առաջարկ է»։

Նա հավելեց, որ Ադրբեջանը շատ ցանկություններ կարող է ունենալ, այլ բան է` Հայաստանը այդ ցանկությունները կանխելու հնարավորություն ստեղծել է, թե ոչ։