Որո՞նք են Ալիևի նոր նպատակները Ղարաբաղից հետո
Վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը «Իրանական դիվանագիտություն» վերլուծական կայքի համար գրառման մեջ նշել է,-«Զանգեզուրի միջանցք» նախագիծը, ինչպես հայտարարել է Թուրքիայի ղեկավարությունը, ոչ թե տնտեսական է, այլ քաղաքական։ Այս կեղծ միջանցքն Ադրբեջանի համար առաջնահերթություն է։ 2023-ի ամռանը Ալիեւը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքը» անպայման բացվելու է՝ անկախ նրանից, թե Հայաստանը դա ուզի, թե ոչ։
Մելքոնյանը հավելել է,-Այս ամիս Ալիևը հերթական անգամ հայտարարեց, որ «Ադրբեջանից պետք է լինի ազատ մուտք դեպի Նախիջևան, ուստի չպետք է լինեն մաքսային վճարներ, ստուգումներ և սահմանապահության ընթացակարգեր»: Այսինքն՝ Ադրբեջանի նախագահը խոսում է միջանցքի մասին՝ չօգտագործելով «միջանցք» բառը։ Ուստի, ըստ էության, ոչ Բաքուն, ոչ Անկարան չեն հրաժարվել իրենց տարածամոլական մտադրություններից, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքից» քանի որ հիմնական շահառուները ՆԱՏՕ-ն, Իսրայելն ու Արևմուտքն են։
Պարզից էլ պարզ է, որ Երևանի և Բաքվի միջև ցանկացած համաձայնություն կհանգեցնի ոչ թե խաղաղության, այլ պատերազմների միջև զինադադարի։ Բաքվի և Անկարայի տարածամոլական նկրտումները հնարավոր է զսպել միայն ուժերի հավասարակշռություն հաստատելով։ Ուստի Հայաստանի կողմից պաշտպանական նպատակներով սպառազինության գնումն առաջացնում է Թուրքիայի և Ադրբեջանի բուռն արձագանքները։ Սակայն տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը Բաքվի ու Անկարայի տարածամոլական ծրագրերի չեզոքացումն է։