Միրզոյանը հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի հավանականություն տեսնում է
https://parstoday.ir/hy/news/armenia-i212768-Միրզոյանը_հայ_ադրբեջանական_սահմանին_էսկալացիայի_հավանականություն_տեսնում_է
Հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի հավանականություն այժմ էլ առկա է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2024 14:00 Asia/Tehran
  • Միրզոյանը հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի հավանականություն տեսնում է

Հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի հավանականություն այժմ էլ առկա է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասուլիսում այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահական ընտրությունների և ԵԽ-ում ընտրությունների պարագայում լարվածության հավանականությունը կաճի, երբ միջազգային գործընկերները կենտրոնացած կլինի ներքին օրակարգի վրա:

«Ես կարծում եմ, որ էսկալացիայի հավանականությունն այս պահին էլ առկա է: Առնվազն այն հռետորաբանությունը, որին ականատես եղանք Ադրբեջանի նախագահի հարցազրույցում, թույլ չի տալիս մեկ վայրկյան անգամ թուլացնել մեր զգոնությունը»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը նշեց՝ Ալիևի հարցազրույցում հնչել են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ անթաքույց տարածքային պահանջներ: «Մենք տեսանք, թե ինչպես են Հայաստանի այս կամ այն քաղաքները կամ մարզերն անվանվում ձևախեղված ձևով, մեծ հաշվով ամբողջ Հայաստանի Հանրապետությունն անվանվում Արևմտյան Ադրբեջան: Էսկալացիայի հավանականությունը միշտ էլ կա: Արդյո՞ք այդ հավանականությունը կմեծանա տարբեր երկրներում տեղի ունեցող ընտրությունների ընթացքում, կարծում եմ, որ ռացիոնալ կլինի այդպես մտածել»,-նշեց ԱԳ նախարարը: